«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ունեցած հանդիպումներում բացառել է, որ երբեւէ դեմ կգնա գործող իշխանություններին: Այդ մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում` մեկնաբանելով Ծառուկյանի հայտարարությունը, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ:

Նա նշել է, որ իր համար անակնկալ չէր ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը: «Գոնե Գագիկ Ծառուկյանը, ում հետ երկու անգամ հանդիպել եմ, այն եզակի մարդկանցից է, ով միշտ ինձ հետ եղել է անկեղծ: Եւ այդ անկեղծությունը դեմ-դիմաց, իմ աչքերի մեջ նայելով, բացառել է, եր երբեւէ դուրս կգա իշխանության դեմ»,- ասել է Հովհաննիսյանը:

Դիտարկմանը, թե Հայ ազգային կոնգրեսը շարունակում է ԲՀԿ-ին ընդդիմություն համարել, Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է. «Ամեն մեկն իր կարծիքի իրավունքն ունի, եւ այդ կարծիքը ունի որոշ հետագիծ, որոշ ընդերք, եւ այդ հետագիծը կարող է կապված լինել թե ՀԱԿ կուսակցության, թե առանձին ղեկավարների հետ, ՀԱԿ-ի հետ կապված որոշ լրատվամիջոցների հետ: Չեմ կարող ենթադրել, թե ինչու նման տեսակետ կա, բայց կարող եմ ենթադրել որ անցյալում, գուցե նաեւ ներկայում, տեղյակ չեմ, եթե ոչ միջկուսակցական, անձնական կապեր կան, որոնք պայմանավորում են նման գնահատականը»:

Հարցին, թե ինչու չի մանսակցել եկեղեցու բացմանը, հատկապես որ հրավիրել են, «Ժառանգության առաջնորդն ասել է. «Նախ ես չեմ սպասում հրավերի, եթե եկեղեցի է, ես գնում եմ: Ճիշտն ասած, չգիտեմ, ինձ ուղղված հրավերը ետին միտք էր, թե ոչ, բայց հրավերը ստացա նախորդ օրը կեսգիշերին, երբ արդեն հաջորդ օրը ունեի շատ հանդիպումներ, եւ չէի կարող փոխեի: Գրավոր շնորհավորեցի, եւ առաջիկա կիրակիներից մեկը կգնամ պատարագի կմասնակցեմ առանց շոուի, թամաշաների եւ սոսկալի տեսարանների, որ ականատես եղանք»: