Ըստ փորձագետների` Մամեդյարովի այցը Ռուսաստան ուղղված է վերջերս ռուս-ադրբեջանական հարաբերություններում նկատվող բացասականի մակարդակը նվազեցնելուն, գրում է «Նեզավիսիմայա գազետան»` մայիսի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավարի Մոսկվա ծրագրած այցի վերաբերյալ:
Ռուսաստանի ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի բաժնի տնօրենի տեղակալ Մարիա Զախարովան հայտնել է, որ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունների օրակարգում ընդգրկվելու է Լեռնային Ղարաբաղի կարգավորման խնդիրը, որտեղ Ռուսաստանը միջազգային առաջատար միջնորդներից մեկն է: «Ադրբեջանը մեր կարեւոր ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում եւ Կասպյան տարածաշրջանում»,-հայտնել է նա:
«Հյուսիս-Հարավ» քաղաքական կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը «ՆԳ»-ի հետ զրույցում նկատել է, որ «այսօր Բաքուն միաժամանակ լարված է մի քանի ուղղություններով. ԵԱՀԿ, Իրան եւ ԱՄՆ»: Մասնավորապես, Էլմար Մամեդյարովը հաստատել էր Բաքվի մտադրությունները Ադրբեջանում ԵԱՀԿ-ի առաքելության կարգավիճակի նվազումը մինչեւ համակարգող խորհրդի մակարդակի: Լարվածության երկրորդ կետն Իրանն է, որտեղ ադրբեջանցիներ են ձերբակալված, իսկ երրորդն ԱՄՆ-ն է, որոնք դժգոհ են որոշ հասարակական կազմակերպությունների փակման կապակցությամբ:
Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա Գաբալայի ՌՏԿ-ի հարցով պայմանագրերը չեղյալ հայտարարելը կամ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակատարի հետ կապված վերջին իրադարձությունները հատուկ խնդիրներ չեն առաջացրել: Քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն «ՆԳ»-ին հայտնել է, որ «այդ իրադարձությունները բացասական ֆոնի լրացուցիչ պատրվակ են, որն ազդում է երկկողմ հարաբերությունների վրա»: «Մամեդյարովի այցը Մոսկվա ուղղված է այդ բացասականը նվազեցնելուն եւ ուշադրությունը երկխոսության շարունակության վրա բեւեռելուն», – ասել է Վելիզադեն:



























