Մայիսի 19-ին Վանաձորում կայացել է Նախախորհրդարանի անդամների հանդիպումը տեղի ակտիվ քաղաքացիների հետ:

Հանդիպման ընթացքում Նախախորհրդարանի անդամները ներկայացրել են նոր որակի կառավարման համակարգ ունեցող պետության հիմնադրման շուրջ մոտեցումները եւ ռազմավարության հաջորդական քայլերը: Քննարկում է ծավալվել օր առաջ ինքնակազմակերպման անհրաժեշտության, քաղաքացիական անհնազանդության եւ  անցնցում իշխանափոխության վերաբերյալ:

Հանդիպում-քննարկման արդյունքում ձեւավորվել է շարժման համակիրների տեղական խումբ, որը  որոշեց սույն թվականի մայիսի 28-ին կազմակերպել հանրահավաք մարզկենտրոն Վանաձորում՝ որպես նոր որակի պետության հիմնադրման գործընթացի առաջին հանրային միջոցառման մեկնարկ Լոռիի մարզում:

Հանդիպումից հետո Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ներկայացրել է Կոմիտասին նվիրված մուլտիմեդիա հանրագիտարան: Մշակութային միջոցառման ներկաները հնարավություն ունեցան ծանոթանալու հայ մեծանուն մտավորականի կյանքի եւ գործի որոշ դրվագներին եւ միասին երգել: