Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանն, այսօր՝ մայիսի 20-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ-ի «Հյուսիս-հարավ ծրագրի» Տրանսպորտային ծրագրերի ղեկավար Պրիանկա Սենեվիրանտեի գլխավորությամբ։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԶԲ-ի ներկայացուցիչները Գագիկ Բեգլարյանին ներկայացրել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի ներկայիս ընթացքի վերաբերյալ իրենց ուսումնասիրության արդյունքները,  իրավիճակի գնահատականը, առաջացած տեխնիկական խնդիրներն ու դրանց լուծման ուղղված տարբերակները, ինչպես նաեւ հստակեցրին ապագա աշխատանքների մասին պատկերացումները:

Նախարարը մեկ անգամ եւս ընդգծել է «Հյուսիս-հարավ»-ի` սահմանված ժամկետում աշխատանքների կատարման բարձր որակի ապահովման անհրաժեշտությունը, արդյունավետ է գնահատել ԱԶԲ-ի կատարած ուսումնասիրության արդյունքներն ու իրավիճակի գնահատականի մասին եզրակացությունը, ինչն էլ կարող է ապահովել ծրագրի առաջընթացը:

Գագիկ Բեգլարյանը շնորհակալություն է հայտնել ԱԶԲ-ին համագործակցության համար, հույս հայտնել, որ ծրագրի շրջանակներում հետագա աշխատանքները կունենան բարեհաջող ընթացք: