Հայաստանի Վարչական դատարանն այսօր` մայիսի 20-ին կայացած նիստում մերժել է «Բարեւ, Երեւան» դաշինքի հայցը: Դաշինքը Վարչական դատարանից պահանջում էր չեղյալ հայտարարել մայիսի 5-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները:

Մայիսի 15-ին դաշինքի լիազոր-ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը հայց էր ներկայացրել Վարչական դատարան: Դատարանը որոշում է կայացրել, թե ընտրությունների ընթացքի վրա ազդող էական խախտումներ չեն եղել:

Հայցադիմումը բաղկացած էր 52 էջից եւ ներառում էր Երեւանի 13 ընտրատարածքներից 10-ում ընտրախախտումների պատկերն ու փաստական աղբյուրներն արտացոլող աղյուսակներ՝ ըստ յուրաքանչյուր ընտրատարածքի բոլոր տեղամասերի: Ըստ հայցադիումի` «ՏԸՀ-ների շուրջ 80 տոկոսում արձանագրված վարչական ու քրեական պատասխանատվություն ենթադրող ընտրախախտումների պարագայում ԸԸՀ-ների եւ ԿԸՀ-ի կողմից դրանք անտեսելը, եւ ԿԸՀ «12 մայիսի, 2013թ» թիվ 112-Ա որոշման կայացումը վկայում է, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, պարբերական բնույթ, որի պայմաններում խախտվել են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները»: