«Դուք անկեղծ չեք. այն հինգ տարին, որ դուք պաշտոնավարեցիք, ձախողված տարիներ էին մեզ բոլորիս համար»,-այս մասին, այսօր՝ մայիսի 20-ին, ԱԺ-ում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ դիմելով վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Ժողովրդի մեջ արդեն ձեւավորվում է այն կարծիքը, որ դուք խաբող ու գցող եք, դա ժողովրդի լեզվով ասած: Ես չեմ ուզում, որ վիրավորվեք, սակայն դուք էլի խաբում եք, ինչո՞ւ եք եկել նորից խաբում»,-ասաց ընդդիմադիր գործիչը՝ հիշեցնելով, որ երկու օր առաջ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր ընթանում եւ մարդիկ հաշվետվություն էին պահանջում վարչապետից, սակայն վերջինս չցանկացավ հանդիպել մարդկանց հետ եւ աննկատ հեռացավ շենքից: Փոստանջյանը հիշեցրեց նաեւ, որ այս պահին Արմավիրի մարզի գյուղացիները, ովքեր տուժել են կարկտահարությունից փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը:
Ի պատասխան Տիգրան Սարգսյանն ասաց. «Անկեղծորեն, մենք ձեզ երբեք չենք խաբել, տիկին Փոստանջյան, սակայն մենք չենք ընդունում ձեր անկեղծությունը, որը վիրավորելու միտումներ ունի, ու նման անկեղծություն ոչ մեզ, ոչ էլ որեւէ մեկին պետք չեն: Ուզում եմ ձեզ ասել՝ փոխհատուցում չի լինելու, այլ օգնություն է լինելու գյուղացիներին: Ցանկացած զարգացած պետություն չի կարող փոխհատուցել տուժած տնտեսվարողներին: Մեր խոսքերը առարկայական լինելու համար, մենք ամենօրյա աշխատանք ենք տանում, այս պահին էլ փոխվարչապետն ու գյուղատնտեսության նախարարը մարզում են»:
Ինչ վերաբերում է զոհված զինվորի դիակը Կառավարության շենքի մոտ բերելուն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց. «Քաղաքական պայքարի ձեր նախընտրած տարբերակը՝ հրահրել քաղաքացիներին դուրս գալ փողոց ու իրենց դժգոհության ձայնը կառավարության մոտ բարձրացնել, ընդունելի չէ, քանի որ ես քաջատեղյակ էի այդ խնդրից: Ես անձամբ այդ ժամանակ գտնվում էի կառավարության ներսում եւ առաջարկեցի պատվիրակություն կազմել, որին կընդունեի: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ հավաքված մարդիկ չէին ուզում նման աշխատաձեւ, այլ ուզում էին քաղաքական ակցիա անել»:




























