Մայիսի 19-ին «Համազգային» թատրոնում տեղի ունեցած «ԱՐՏ ՖԵՍՏ» երիտասարդական փառատոնի մրցանակաբաշխության ժամանակ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի ներկայացումը ճանաչվել է լավագույնը:
Խոսքը Աղասի Այվազյանի մի քանի պիեսների հիման վրա բեմադրված «Ցուցակը» ներկայացման մասին է, որը ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի բեմում է հայտնվել 2008 թ-ին: Գեղարվեստական ղեկավարը եւ բեմադրիչը կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն է, դերասանները` թատրոն-ստուդիայի սաների հին եւ նոր սերունդները, ովքեր բոլորովին էլ թատերական կրթություն չունեն:
Թեեւ «Ցուցակը» ներկայացումը կրում է Աղասի Այվազյանի միայն մեկ ստեղծագործության անունը, բայց այն մի քանիսի «խառնուրդն» է: Գործը պատմում է Հիսուսի` Իեշուայի դեմ աշխատող անտես ուժերի եւ նրանց ձեռքին կամա-ակամա խաղալիք դարձած դավաճանների մասին: Նրանք բոլորը պետք է խաչված Փրկչին վարկաբեկող արտահայտություններ գոռային, քարեր նետեին նրա վրա:
Մասնագիտական ժյուրին, ներկայացնելով 2-րդ եւ 3-րդ տեղերում հայտնված գործերը, հայտարարեց, որ ոսկե մրցանակակիր չի լինելու, սակայն քիչ անց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հավելեց, որ ժյուրին, բարձր գնահատելով համալսարանականների կատարած աշխատանքը, միաձայն որոշել է «Համալսարանական» թատրոն-ստուդիային հանձնել առաջին տեղի համար նախատեսված արձանիկը:
«Կարծում եմ՝ ժյուրիի որոշման վրա ազդել է նաեւ այն, որ արվեստի ոլորտում լինելով ոչ պրոֆեսիոնալ՝ Մայր բուհի սաները կարողացել են բարձր մակարդակով բեմականացում ներկայացնել հանդիսատեսին: Այսինքն՝ մեր ոչ պրոֆեսիոնալ ներկայացումը պրոֆեսիոնալների շարքում առանձնացել է»,- հպարտությամբ նշում է ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը:
Հավելենք, որ նախնական փուլում երիտասարդական բաց փառատոնին մասնակցելու համար 178 հայտ էր ներկայացվել: Մասնագիտական հանձնաժողովն ընտրել էր լավագույն 20-ին, որոնք էլ անցել էին հաջորդ փուլ:
«Այն, որ մենք հայտնվեցինք լավագույն 20-ի մեջ, արդեն իսկ հաղթանակ էր,- ասում է Կարինե Դավթյանը եւ հավելում,- իհարկե, նմանատիպ ձեռքբերումների համար նախ եւ առաջ պետք է շնորհակալ լինենք մեր ղեկավարությանը՝ ի դեմս ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի, որոնց աջակցության եւ հոգածության շնորհիվ ենք մենք հաղթանակներ բերում Մայր բուհին. բուհ, որը միշտ էլ առանձնացել է ոչ միայն իր գիտակրթական բարձր մակարդակով, այլեւ ընդգծված մշակութային ոգով»:
Հիշեցնենք, որ մինչ այդ էլ «Ցուցակը» արդեն երեք անգամ մասնակցել է «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին:
Նշենք, որ «ԱՐՏ ՖԵՍՏԸ»-ը մյուս փառատոններից տարբերվում է նրանով, որ միավորում է արվեստի մի քանի ճյուղեր` կինո, թատրոն, կերպարվեստ: Ի դեպ, համալսարանականները ներկայացված են եղել նաեւ կերպարվեստի բաժնում:



























