Գլխավոր դատախազը խարդախ անձնավորություն է, նրա 6 տարվա գործունեությունն անբավարար է: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հասցեին: Նիստը վարող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը փորձեց միջամտել, ասելով որ չի կարելի մարդկանց վիրավորել:

«Թող դիմի դատարան՝ իր իրավունքների պաշտպանության համար, իր փոխարեն մի վիրավորվեք»,-Հ. Աբրահամյանին հակադարձեց Զ. Փոստանջյանը: Ելույթից հետո Հ. Աբրահամյանը ասաց, որ ուրիշներին վիրավորելով մարդիկ իրենց չեն արժեւորում ու կոռեկտության կոչ արեց պատգամավորներին:

Զ. Փոստանջյանը հայտարարեց, որ կառավարության որոշումները հաճախ չեն համապատասխանում օրենքի պահանջներին, իսկ գլխավոր դատախազը չի միջամտել ու չի կանխել այդ որոշումները, ու հետագայում չի դադարեցնել այդ որոշումների կատարումը: Նա որպես օրինակ բերեց Բյուրական գյուղում  կառուցվող ՀԷԿ-ը, որին դեմ են գյուղացիները, սակայն ՀԷԿ-ը կառուցում է Աղվան Հովսեփյանը: «Գյուղում առանց այդ էլ դաչա ունես, ջերմոցներ ես դրել, կանաչի ու պոմիդոր ես ծախում, էդքան ունես, էլի ես ուզում ունենալ»,- գլխավոր դատախազի մասին գյուղացիների խոսքերը մեջբերեց Զ. Փաստանջյանը: Նրա տեղեկացմամբ՝ Ա. Հովսեփյանը անօրինական ՀԷԿ-եր է կառուցում, սակայն հնարավոր է՝ փաստաթղթերով գրանցում է այլ անձանց անունով: