Վրաստանում ձերբակալվել են մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի մասնակիցները, երբ հետապնդել էին սեռական փոքրամասնությունների պաշտպանների ավտոբուսը, հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Մայիսի 17-ին Կոլտնտեսության հրապարակում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներ Գիգա Կ.-ն, Զուրաբ Չ.-ն, Ամիրան Մ.-ն եւ Բեկա Պ.-ն ձերբակալվել են վարչական իրավախախտումների օրենսգրքի 166 եւ 173 հոդվածներով՝ ոստիկանությանը չենթարկվելու եւ մանր խուլիգանության մեջ»,-ասված է հաղորդագրությունում: Այդ արարքը պատժվում է տուգանքով կամ մինչեւ 90 օր վարչական կալանքով, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
«Մայիսի 17-ի միջադեպերի հետաքննությունը շարունակվում է, հարուցվել է մի քանի քրեական գործ»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Թբիլիսիում ակցիա է կազմակերպվել ի պաշտպանություն ԼԳՏԲ համայնքի, որի մասնակիցների վրա են հարձակվել հազարավոր թբիլիսցիներ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ բախումներից տուժել է 28 մարդ, այդ թվում 3 ոստիկան եւ մեկ լրագրողուհի:




























