Թուրքիայում չորս մարդ 90 տարվա ազատազրկման է դատապարտվել, եւս երեքը՝ յոթ տարվա՝ ռուսաստանցիներին անորակ ալկոհոլով թունավորելու համար: Դատապարտյալների թվում զբոսանավի երկու տերերն են, որի վրա ժամանակ էին անցկացնում հանգստացողները, գրում է «Էքսպերտը»:
2011թ. մայիսի վերջին Բոդրում հանգստավայրում զբոսանավում գտնվող ռուսաստանցի զբոսաշրջիկների մի խումբ թունավորվել էր ոգելից խմիչքներից: Մահացել էր հինգ մարդ, եւս մի քանի տասնյակն էլ սննդային սուր թունավորում էին ստացել:
Պարզվել էր, որ զբոսաշրջիկներին մատուցված ալկոհոլը մեթանոլի մեծ քանակ է պարունակել: Ըստ թուրքական իշխանությունների տվյալների՝ կեղծ խմիչքներն արտադրվել էին Հյուսիսային Կիպրոսում: Թուրքական իշխանությունները կատարվածը որակել էին որպես սպանություն: Ըստ նրանց՝ կեղծ ալկոհոլ արտադրողները չէին կարող չիմանալ առողջության համար մեթանոլի վնասակարության մասին:



























