Եթե Հայաստանն ուզում էր էժան գազ ստանալ, պետք է մտներ Մաքսային միության կազմ: Այդ մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

Վերջինս հայտարարել է, թե Հայաստանի կառավարությունը նախապես տեղյակ է եղել գազի գնի բարձրացման մասին, սակայն չի տեղեկացրել ժողովրդին: «Բալանսավորված քաղաքականություն պետք է   վարել այն ժամանակ, երբ կարկատած շալվարով չես ման գալիս: Եթե մենք ուզում էինք էժան գազ ունենալ, պետք է Մաքսային միություն գնայինք: Ռուսաստանն ասում է` եթե գնում եք Եվրամիություն, դե թող նրանք էլ ձեզ ապահովեն ամեն ինչով»,- ասել է Սարգսյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ հանրապետական պատգամավոր Վարդան Այվազյանը նկատել է, թե Հայաստանը չի հակադրում Մաքսային միությունը և Եվրամիությունը եւ երկուսի հետ էլ համագործակցում է:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, արդյոք հնարավո՞ր է ուրիշից գազը գնել ավելի էժան գնով, Վարդան Այվազյանը պատասխանել է, թե «Հայռուսգազարդը» տիրապետում է բաշխիչ ամբողջ ցանցին: «Ո՞ւմ միջոցով պետք է բաշխվի գազը, եթե ուրիշից գնենք»,- նշել է նա եւ նկատել, թե գազի գնի հարցի լուծման ճանապարհը ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի հետ բանակցություններն են:

Ասուլիսի երկու բանախոսներն էլ կարծում են, թե գազի գնի բարձրացումը տնտեսական պատժամիջոց չէ Հայաստանի նկատմամբ: «Պատիժ չէ, այլ գործընկերների վստահելի հարաբերությունների հաստատման անհրաժեշտություն: Եթե ձեզ ժամանակին այս ամենի մասին զգուշացրել են, որ որեւէ միջոց չեք ձեռնարկել, գնի բարձրացում անպայման լինելու»,-նշել է Արամ Սարգսյանը:

Վերջինս նաեւ քննադատել է կառավարության գործունեությունը` այն անարդյունավետ անվանելով:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am