Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ այցի ժամանակ չի կարողացել ԱՄՆ նախագահից ստանալ լրացուցիչ լիազորություններ՝ Սիրիայի իրադարձություններին միջամտելու համար։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը (ֆոտոռեպորտաժ)։
Թուրքագետի խոսքով՝ Սիրիայի հարցում առավել մեծ լիազորություններ, այդ թվում Սիրիայի տարածքում ոչ թռիչքային գոտի ստեղծելու թույլտվություն ստանալու մտադրությամբ ԱՄՆ մեկնած թուրքական պատվիրակությունը ձեռնունայն է վերադարձել Թուրքիա։ «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ում չի կարողացել ստանալ իր ուզածը։ Եթե մինչ ԱՄՆ այցը Էրդողանը հայտարարում էր, թե ԱՄՆ-ի աջակցությամբ պետք է Սիրիայում ոչ թռիչքային գոտի ստեղծել, ապա այցից հետո նա հայտարարեց, թե ոչ թռիչքային գոտի ստեղծելու իրավասությունը ՄԱԿ-ի որոշելիքն է։
Էրդողանին չի հաջողվել նույնիսկ Գազայի հատված այցի վերաբերյալ թույլտվություն ստանալ ԱՄՆ-ից։ Որքան հայտնի դարձավ Օբամա-Էրդողան մամուլի ասուլիսում Էրդողանի խոսքերից, նա նախատեսում է այցելել Պաղեստին, սակայն ոչ թե «Համաս»-ի վերահսկողության տակ գտնվող Գազա, այլ Ֆաթհի իշխանության տակ գտնվող Ռամալահ»,-նշեց թուրքագետը՝ շեշտելով, թե Էրդողանի ԱՄՆ այցի միակ հաջողությունը Օբամայի հետ լուսանկարվելն էր։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























