Առաջիկայում նախատեսվում է Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հարցով ադրբեջանա-ռուսական պետական հանձնաժողովների գործունեության ավարտը, լրագրողներին հայտնել է ադրբեջանական պետական հանձնաժողովի նախագահ, հանրապետության արտգործնախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը: Ըստ նրա՝ անհրաժեշտ բոլոր կազմակերպչական աշխատանքները կատարված են, մնացել է ավարտել միայն Ադրբեջանից Ռուսաստանի շարժական գույքի դուրսբերման գործընթացը:

Ադրբեջանի ռազմական գերատեսչության իրազեկ աղբյուրը «ՆԳ»-ին հայտնել է, որ Գաբալայից Ռուսաստանի  շարժական գույքի դուրսբերումը կատարվում է Ադրբեջանի ներքին զորքերի հսկողությամբ: Գործընթացն ամբողջությամբ պետք է ավարտվի մինչեւ ընթացիկ տարվա օգոստոսը:

Այսօր Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման դադարեցման պատճառների տարբեր գնահատականներ են հնչում, որոնց շարքում թվարկվում է նաեւ վարձակալության  գումարի չափը: Սակայն Ադրբեջանի փորձագետները չեն կարծում, որ պատճառն այդքան հասարակ է, գրում է թերթը: Ըստ վերլուծաբան Էմին Աբդուլաեւի՝  «անցել են այն ժամանակները, երբ Ադրբեջանի համար տասնյակ կամ հարյուրավոր միլիոն դոլարները համարվում էին ինչ-որ աստղաբաշխական գումար»: Հետեւաբար, այստեղ սկզբունքի հարց է: Բանն այն է, որ Բաքուն հասկանալի պատճառներով անտարբեր չէր կարող նայել  Երեւանին Մոսկվայի հատկացրած ռազմական համագործակցության արտոնյալ ռեժիմին: 

«Եթե Հայաստանը կարող է Ռուսաստանին 102-րդ կայանի համար անվճար տարածք տրամադրելու փոխարեն նրանից անվճար ստանալ  Ս-300 ԶՀՀ, ապա ինչո՞ւ այդ նույն համալիրները Ռուսաստանից 300 միլիոն դոլարով գնած Ադրբեջանը չի կարող հատուցել իր ծախսերը՝ նույն Ռուսաստանին այդ նույն գումարով վարձով տալով Գաբալայի ՌՏԿ-ն», – հարցադրում է Աբդուլաեւը: