«Եվրատեսիլ-2013» երգի միջազգային մրցույթում ռուս մասնակցի՝ Ադրբեջանում կորցրած ձայների շուրջ սկանդալը դուրս է եկել քաղաքական մակարդակ: Այս առնչությամբ, այսօր՝ մայիսի 21-ին, իր վրդովմունքն է հայտնել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Դա անպատասխան չի մնա»,-ասել է Լավրովն ու հավելել. «Երբ մեր մասնակցից գողացան 10 միավոր, դա չի ուրախացնում, նախ եւ առաջ այն տեսանկյունից, թե ինչպես է միջոցառումը կազմակերպվել»:

Լավրովի խոսքով՝ Մամեդյարովի հետ այսօրվա բանակցություններում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «այն բանից հետո, երբ Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը պարզաբանի իրավական ճանապարհները, մենք կհամաձայնեցնենք մեր գործողությունները, որպեսզի այդ վրդովեցուցիչ ակցիան առանց պատասխանի չմնա», հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Իր հերթին, Մամեդյարովը խոստացել է պարզել քվեարկության հետ կապված «դեդեկտիվ» պատմությունը՝ հավելելով, որ անհետացած ձայների հարցը պետք է պարզի Ադրբեջանի հանրային հեռուստաընկերությունը:

Հիշեցնենք, որ նախօրեին պարզ է դարձել, որ Ադրբեջանում «Եվրատեսիլ-2013»-ում Ռուսաստանի մասնակից Դինա Գարիպովայի օգտին քվեարկության արդյունքները չեն համապատասխանում իրականությանը. ռուսաստանցի երգչուհին պետք է ստանար 10 միավոր, այնչին ոչ մի միավոր չի ստացել: Բաքվում դա բացատրում են տեխնիկական անսարքությամբ: Սկանդալը զարգացում է ստացել ամենաբարձր մակարդակում: Հարցը պարզաբանելու հրահանգ է տվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Միաժամանակ, նշենք, որ «տեխնիկական անսարքությունը» տեղի է ունեցել Բաքվում, թեեւ այդ երկրի Հանրային հեռուստաընկերությունը փորձում է մեղքը գցել մրցույթի կազմակերպիչների վրա: