Ադրբեջանում հոկտեմբերին նշանակված  նախագահական ընտրություններից Ադրբեջանում նախագահական ընտրություններից առաջ գերմանական Der Spiegel ամսագիրն անդրադարձել է երկրում կատարվող իրադարձություններին:

Խմբագրությունը հարցեր է ուղղել ադրբեջանցի ընդդիմադիրներին եւ ակտիվիստներին: Գրող Ալեքփեր Ալիեւը պնդել է, որ «ընտրություններից առաջ երիտասարդների որս է սկսվել»:

«Լրագրողների եւ քաղաքական գործիչների նկատմամբ ճնշումները սաստկացել են: Իշխանությունները ընդդիմադիրների մոտ թմրանյութ են թաքցնում՝ նրանց բանտարկելու առիթ ունենալու համար: Բանտերը լի են պարկեշտ, կրթված եւ խիզախ գաղափարախոսներով, որոնք պայքարում են հանուն ժողովրդավարության», - ընդգծել է գրողը եւ հավելել, որ նախագահ Ալիեւը երկիրը վերադարձնում է միջնադար, ընդ որում՝ արեւմտյան կազմակերպությունների հավանությամբ:

Լրագրող Խադիջա Իսմայիլովան վստահ է, որ «Եվրատեսիլ-2012»-ը երկրում շատ բան է փոխել: «Հասարակությունն սկսել է հարցեր տալ,  մարդիկ սկսել են հաճախ գնալ հանրահավաքների եւ քննադատել կառավարության գործունեությունը, որի հետեւանքով ավելի է աճել Ադրբեջանի ղեկավարության վախն իր սեփական ժողովրդից»,- նշել է նա:

Ըննդիմադիր  «Azadliq» թերթի քաղաքական բաժնի խմբագիր Վիդադի Մեմեդովը բողոքում է, որ կառավարությունն ամեն կերպ փորձում է փակել թերթը: «Միայն 2012թ. իբր հերյուրանքի համար թերթին  դատի էին տվել չորս անգամ… Այժմ մենք պետք է 30 հազար մանաթ (29 հազար եվրո) տուգանք վճարենք»,- պատմել է լրագրողը: 

 Մեմեդովը նաեւ ընդգծել է, որ նույնիսկ լրագրողների վրա հարձակումներ են տեղի ունենում:

Այն մասին, որ 2012թ. աշնանը ցրվել էր յոթ խաղաղ հանրահավաք, հիշատակել է ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:  «Ոստիկանությունն ավելի խիստ է սկսել գործել: Մեր մարդկանց ծեծում են, ցուցարարների դեմ ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառվում»,- ասում է քաղաքական գործիչը: Ցույցերին մասնակցության համար տուգանքները կազմում են միջինը երկու հազար եվրո, որը, ըստ Քերիմլիի,  «բավական շատ է ուսանողների համար»: Բացի դրանից, հավելում է նա, բողոքի ցույցերն արգելված են ոչ միայն փողոցներում:  «Վերահսկվում են ներկայիս ղեկավարության հակառակորդների նույնիսկ անձնական հանդիպումները»: