Այսօր՝ մայիսի 21-ին, տեղի է ունեցել աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող համադպրոցական այս համաժողովի ընթացքում քննարկվել են ավագ դպրոցների ինքնավարության մարմինների հիմնախնդիրները։

«Ինքնակառավարումը, ինքնադրսեւորումը, ինքնակազմակերպումը դպրոցներում խրախուսվելու են մեր կողմից, եւ մենք համապատասխան ծրագրերով կփորձենք աջակցել աշակերտական կառույցներին։ Աշակերտական նման կառույցների հիմնական նպատակն աշակերտների շահերի պաշտպանությունն է։ Մենք ցանկանում ենք, որ աշակերտները քաղաքացիական հասարակության մի մասնիկը լինեն ավագ դպրոցներում։ Մեզ պետք են ակտիվ աշակերտներ, ակտիվ երիտասարդներ, ակտիվ մարդիկ»,- ասել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը՝ աշակերտական ինքնակառավարման մարմինների կայացումը կարեւորելով նաեւ կրթական բարեփոխումների համատեքստում։ ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշել է, որ ավագ դպրոցի հիմնախնդիրների լուծման հարցում մեծ է աշակերտական ինքնակառավարման մարմինների դերը։ «Դուք պետք է օգնեք մանկավարժական կոլեկտիվին, որպեսզի միասին կարողանանք հաղթահարել դժվարությունները»,- ասել է Նարինե Հովհաննիսյանը։ 

Աշակերտական ինքնավարության մարմինների առաջին համադպրոցական համաժողովին ներկա էին 22 ավագ դպրոցի աշակերտական կառույցների ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ, հասարակական կազմակերպությունների անդամներ։ 

Համաժողովի ընթացքում աշակերտները հանդես են եկել իրենց ինքնավարության մարմինները ներկայացնող զեկույցներով, բարձրացրին առկա խնդիրները, իսկ միջոցառման ավարտին համատեղ քննարկման արդյունքում նախանշվել են վերջիններիս լուծման հետագա ուղիները: