Այսօր՝ մայիսի 21-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր  դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիային:

ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-կուբայական միջպետական ու միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման հարցեր: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովում ստեղծվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ, որի նախագահ Խոսրով Հարությունյանը  եւս ներկա էր հանդիպմանը:  Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, առեւտրատնտեսական կապերի զարգացումը, մասնավորապես համագործակցությունը առողջապահության, դեղագործության, զբոսաշրջության ոլորտներում: Դեսպանը նշել է, որ Կուբայի նոր խորհրդարանը  այս տարվա փետրվարին է ձեւավորվել եւ առաջիկայում այնտեղ էլ կստեղծվի  ՀՀ ԱԺ-ի հետ պատգամավորական բարեկամության խումբ: Միջխորհրդարանական կապերի հաստատման շրջագծում կարեւորվել են փոխայցելությունները, երկկողմ շփումները:

 Հայաստանում Կուբայի  դեսպան Էմիլիո Ռատմիռ Լոսադա Գարսիան խոստացել է  իր ջանքերն ի սպաս դնել Կուբա-Հայաստան հարաբերությունների խորացմանը` ի շահ երկու պետությունների եւ ժողովուրդների: