Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն, այսօր՝ մայիսի 21-ին, հանդիպել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի «Երիտասարդությունը ներգրավված հասարակության մեջ» ծրագրում ընդգրկված՝ Երեւանի եւ Էջմիածնի տարբեր դպրոցների աշակերտների ու նրանց ուսուցիչների հետ:

Դպրոցականները խորհրդարանում մինչ այդ ներկա էին կառավարության ծրագրի քննարկմանը, որի օրինակով էլ Արտակ Դավթյանը բացատրել է օրենսդիր եւ գործադիր մարմինների գործառույթներն ու փոխհարաբերությունները: Բանախոսը դպրոցի սաներին ծանոթացրել է Ազգային ժողովի կառուցվածքին, Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված լիազորություններին, պատգամավորի ու 12 մշտական հանձնաժողովների աշխատանքներին՝ մանրամասնելով իր գլխավորած հանձնաժողովի գործունեության դաշտը: Երեխաներին հետաքրքրող հարցերն էլ հենց կրթական համակարգին էին վերաբերվում, ինչի շուրջ էլ ծավալվել է անմիջական զրույցը: Աշակերտների հետ ԱԺ հանձնաժողովի նախագահը խոսել է նաեւ հանրակրթական հաստատություններում պայմանները բարելավելու պարտավորության մասին՝ ասելով, որ դա պահանջում է ֆինանսական մեծ ռեսուրսներ. հանրապետության 1400 դպրոցների շուրջ 97 տոկոսը պետական է: Զրույցի ընթացքում անդրադարձել են շտեմարանների բովանդակությանն ու անհրաժեշտությանը, բուհերում ընդունելությունը տարեցտարի հեշտացնելու միտմանը, ուսուչի սոցիալական պաշտպանվածության եւ այլն խնդիրների: