Կառավարող վարչախումբն անհիմն պատճառաբանություններով ամեն կերպ խուսափում է Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած 10 գյուղերի բնակիչներին համարժեք փոխհատուցում տալու անհրաժեշտ քայլեր ձեռնարկելուց: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել «Նախախորհրդարանը»:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Այս հանգամանքը եւս մեկ անգամ փաստում է վարչախմբի ապիկարությունը եւ յուրային ժողովրդի, մասնավորապես՝ գյուղացու հոգսերի նկատմամբ պատասխանատվության բացակայությունը: Ավելին՝ ըստ ամենայնի, վարչախմբի անգործության հետեւանքով ժողովուրդը մատնվում է լրացուցիչ աղքատության եւ դրդվում օր առաջ լքելու Հայրենիքը:
«Նախախորհրդարանը» ողջունում է Արմավիրի մարզի 10 գյուղերի ըմբոստ բնակիչների քաղաքացիական անհնազանդության դրսեւորումները եւ գտնում, որ ներկա ապազգային կառավարման պայմաններում միայն ինքնակազմակերպման նման միջոցներով կարելի է հասնել սեփական շահերի պաշտպանությանը:
Ողջունելով Արմավիրի մարզի բնակիչների պայքարը, անհրաժեշտ ենք համարում նշել, որ հետեւանքների դեմ պայքարելուն զուգընթաց, անհրաժեշտ է աշխատել նաեւ դրանց բուն պատճառները վերացնելու ուղղությամբ: Միայն միասնական ճակատ կազմելով մենք կարող ենք վերացնել մեր ժողովրդի բոլոր դժբախտությունների ու տառապանքների պատճառը՝ Հայաստանի նորգաղութային վիճակն ու դրա գործիքի վերածված կառավարման համակարգը: Ուստի ընդհանրական շահը պահանջում է անձնական ու հատվածական պայքարի առուներն ուղղել դեպի ազգային ազատագրական պայքարի գետի, այն է նոր որակի պետության ստեղծման հունը»:



























