Հայաստանի կառավարության գործունեության նոր ծրագրում տնտեսական քաղաքականության ոլորտում ավելի շեշտադրվել են զբաղվածության հարցերը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ ներկայացված ծրագիրը, ինչպես եւ նախորդը (ընդունված 2012 թ. հունիսին) հիմնված են հեռանկարային զարգացման ծրագրերի վրա, իսկ ինքը մինչ նախարար դառնալն աշխատել է այդ հեռանկարային ծրագրերի վրա: Այդ պատճառով նախորդ եւ ներկա ծրագրերի միջեւ էական տարբերություններ չկան, սակայն աշխատավարձի ու զբաղվածության խնդիրներն ավելի շեշտադրվել են:
Ըստ Վ. Ավանեսյանի՝ աշխատավարձի աճը պետք է լինի արտադրողականության աճի հետ միասին ու առաջանցիկ լինի տնտեսական աճի համեմատ: Հնարավոր է՝ առաջիկայում աշխատավարձերի աճը գերազանցի արտադրողականության աճին, քանի որ նվազագույն աշխատավարձի էական բարձրացման հարց է դրված:
Նորանշանակ նախարարը կիսում է Գործատուների Հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի այն մտահոգությունը, որ նվազագույն աշխատավարձի աճը կհարվածի փոքր բիզնեսին, այդ պատճառով կառավարությունն ընտրել է փուլային, աստիճանական տարբերակը:
Ըստ Վ. Ավանեսյանի՝ լուրջ հարց է նաեւ աշխատավարձը պետական համակարգում: Սակայն նախարարը հավաստիացրեց, որ պետական ոլորտում, որտեղ այժմ 200 հազար զբաղված կա, աշխատատեղերի ավելացում չի նախատեսվում: Կառավարության ծրագրում մատնանշված 100 հազ. նոր աշխատատեղի ստեղծումը, ըստ Վ. Ավանեսյանի, տեղի է ունենալու մասնավոր հատվածի տարբեր ոլորտներում:




























