Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ տնտեսական հարաբերությունները բավական դինամիկ են զարգանում: Այս մասին Հայաստանից մեկնած լրագրողներին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական ընկերակցությունը Եվրասիական տնտեսական միության փոխակերպելը շոշափում է դիտորդ պետությունների, այդ թվում՝ Հայաստանի շահերը:

Վալովայան նաեւ նշել է, որ Հայաստանի կառավարությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը արդեն սկսել են փոխգործակցել: Սակայն հարկ է հիշել, որ Եվրասիական տնտեսական ինտեգրմանը զուգահեռ ԱՊՀ շրջանակում կա Ազատ առեւտրի գոտի, եւ Ռուսաստանը, Ղազախստանը, Բելառուսը եւ Հայաստանն այդ գոտու լիիրավ մասնակիցներն են, որը փոխգործակցության շատ եզրեր է նախատեսում:  Հայաստանը, ինչպես եւ ԱՊՀ այլ երկրները, հնարավորություն ունի կամավոր հիմունքով օգտագործելու Մաքսային միության տեխնիկական կանոնադրությունը:

Տատյանա Վալովայան նշել է, որ Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ 2012թ. ընթացքում առեւտրատնտեսական հարաբերությունները շատ լավ են զարգացել եւ այժմ էլ զարգանում են: «Շատ լավ զարգանում է արտահանումը՝ 43%-ով, այնինչ տարին շատ դժվար էր համաշխարհային տնտեսության համար, եւ Մաքսային միության արտաքին առեւտուրն աճել էր 3,5%-ով, իսկ Հայաստանի հետ մեր առեւտուրը՝ 22%-ով»: Վալովայան նաեւ նշել է, որ Հայաստանից Ռուսաստան արտահանման հիմնական  մասնաբաժինը կազմում են ավանդական ապրանքները՝ սննդամթերք, գյուղատնտեսական արտադրանք: