Գազի սակագնի սուբսիդավորման համար Որոտանի ՀԷԿ-երի համալիրը չենք վաճառի: Այս մասին լրագրողներին այսօր՝ մայիսի 22-ին, հայտնեց Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նաեւ հավելեց, որ սուբսիդավորման մեխանիզմներն առայժմ որոշված չեն եւ քննարկման փուլում են:
«Ցանկանում եմ ընդգծել. Մինչեւ ռուսական կողմի հետ բանակցությունների ավարտը, Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին կազմում է 180 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց», - ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք, կառավարության համաձայն՝ հուլիսի 1-ից գազի սակագնի բարձրացումը բնակչության համար մեղմելու նպատակով կկատարվի 30%-ի սուբսիդավորում: Մոտավոր գնահատականով՝ մինչեւ 2013թ. վերջը դրա համար կպահանջվի 140 մլն դոլար: Այնուամենայնիվ, կառավարությունը հերքում է, որ դրա համար միջոցները կստացվեն էներգոակտիվների վաճառքի միջոցով (Երեւանի ՋԷԿ եւ Որոտանի ՀԷԿ-երի համալիր):
Հուլիսի 1-ից Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը 180-ից կդառնա 270 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց: «ՀայՌուսգազարդ»-ը կառաջարկի բնակչությանը տրվող գազի գինը 132-ից դարձնել 221 հազար դրամ (մոտ 530 դոլար)՝ 1000 խմ-ի դիմաց:




























