Երեւանում, մեկնարկել է ԵԱՀԿ աջակցությամբ ընթացող սեմինարը, որի հիմնական թեման է՝ ինչպես ահաբեկիչների եւ հանցագործների համար դժվարեցնել սահմանի հատումը:

«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերը կարեւոր քայլ են ահաբեկիչների եւ հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ»,-նշել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավար Փոլ Պիկարդն ու հավելել. «Կարեւոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ եւ արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է»: Նրա խոսքով՝ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:

Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի հիման վրա, որը մշակվել է ԵԱՀԿ եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից 2009թ.-ին: Ծրագիրն ընգրկում է Հայաստանում էլեկտրոնային անձնագրերի եւ ինքնությունը հաստատող  էլեկտրոնային քարտերի ներդրման կարգը:

Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ - ի տեխնիկական, վարչական եւ գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ  ոստիկանության հետ համատեղ:

ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում եւ Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ: