Վրաստանի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Գիգա Բոքերիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է քաղաքական հակառակորդներին  հետապնդելու մեջ: Այս մասին նա հայտարարել է՝ մեկնաբանելով Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի ձերբակալությունը:

 «Վարչապետն ու կառավարությունը հանցագործներին պատժելու եւ քաոսը վերացնելու վրա կենտրոնանալու փոխարեն հետապնդում եւ ձերբակալում են ընդդիմության առաջնորդներին: Սա Վրաստանի համար չափազանց վտանգավոր իրադրություն է», - ԱՄՆ այցի ընթացքում լրագրողներին ասել է  Բոքերիան, գրում է  «Նովոստի-Գռուզիան»:

 Հիշեցնենք, Մերաբիշվիլին ձերբակալվել էր մայիսի 21-ին՝ 2012թ. զբաղվածության  պետական ծրագրի իրագործման նպատակով «Միասնական շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու , ինչպես նաեւ Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները վատնելու գործով:

Ձերբակալվել է նաեւ Կախեթիայի նահանգապետ, Վրաստանի առողջության եւ սոցապահովության նախկին նախարար Զուրաբ Չիաբերաշվիլին: