Անկարայի հատուկ իրավասություններով գլխավոր դատախազության կողմից հետաքննվող 1997-ի փետրվարի 28-ի «պոստմոդեռն» հեղաշրջման գործով մեղադրական զեկույցն արդեն պատրաստ է։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ մոտ մեկ տարի տեւած աշխատանքներից հետո «պոստոդեռն» հեղաշրջման գործը վարող դատախազն ավարտել է 300 էջանոց մեղադրական զեկույցը եւ այն ստորագրելու համար ուղարկել Անկարայի գլխավոր դատախազ Մուրադ Էսենին։ Այնուհետ մեղադրական զեկույցը կուղարկվի Անկարայի ծանր հանցագործությունների գործերով 13-րդ դատարան։ Վերջինս ունի 15 օր զեկույցն ընդունելու համար։
Մեղադրական զեկույցում գլխավոր մեղադրյալը ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Իսմաիլ Հաքքը Քարադայն է։ Մեղադրյալների ցուցակը հաջորդաբար շարունակում են ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա պետի տեղակալ Չեւիք Բիրը եւ ԶՈՒ գլխավոր շտաբի այն ժամանակվա քարտուղար Էրոլ Օզքասնաքը։
Մեկ տարի առաջ սկսված հետաքննության ընթացքում ձերբակալվել են 76 ներկա եւ նախկին զինվորականներ։ Ձերբակալվածների մեջ միակ քաղաքացիական անձը Բարձրագույն կրթության խորհրդի նախկին նախագահ Քեմալ Գյուրուզը։
Նշենք, որ 1997-ի փետրվարի 28-ի հեղաշրջման հետեւանքով իշխանությունից հեռացվեց իսլամիստական «Բարօրություն» կուսակցությունը, որի ղեկավար կազմի նկատմամբ դատական գործեր էին բացվել։ Այդ ժամանակ ձերբակալվել եւ դատապարտվել էր Թուրքիայի ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։




























