Ճանապարհներին արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի միջոցով արձանագրված խախտումների մասին ծանուցման ձեւը վարորդների համար ավելորդ խնդիրներ է առաջացնում: Այս մասին այսօր` մայիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը։

Նա պարզաբանեց, որ երբ խախտման մասին քաղաքացիներին ուղարկվում է գրանցված հասցեին, եւ եթե  վարորդն անձամբ չի ծանուցվում` բացակա լինելու պատճառով, ապա ստիպված է լինում որոշ ժամանակ անց վճարել եւ՛ տուգանքը, եւ՛ մի քանի անգամ մեծացած տույժը: Նա խախտման մասին ծանուցելու այս մեթոդը նա համարում է օդից գումար վաստակելու միջոց, այս հարցով դիմել է ԱԺ, բայց պատասխան չկա:  Որպես խնդրի լուծում` նա առաջարկում է, որ  խախտում կատարած վարորդներին sms ուղարկեն խախտման մասին: Մյուս խնդիրը, որի վրա բանախոսը ուշադրություն հրավիրեց, այն է, որ վարորդներին իրենց խախտման մասին ուշ են տեղեկացնում, եթե վարորդին տուգանեն խախտումը կատարելու պահին, նա հաջորդ անգամ այդ խախտումը երբեք չի անի, որովհետեւ կիմանա, որ տվյալ փողոցում այս կամ այն բանն արգելված է:

Ասուլիսի մյուս բանախոսը` նույն կազմակերպության իրավաբան Արմինե Մկրտչյանը նշեց, որ օրենսդրության համաձայն` անկախ վարորդի գտնվելու վայրից` նա համարվում է տեղեկացված: Նա նաեւ մտահոգություն հայտնեց, որ վարորդի տուգանվելու դեպքում հաճախակի բացակայում է հստակ պարզաբանման բացակայությունը, լինում են նաեւ դեպքեր, երբ վարորդը վճարում է տուգանքը, սակայն ամիսներ անց պահանջում են հնգապատիկը: