Ավարտին է մոտենում Հայաստան-Քանզաս նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում մայիսի 13-ից Հայաստանի ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակի տարածքում մեկնարկած «Ականազերծման գործողությունների ընթացքում վիրավորվածներին առաջին բուժօգնության ցուցաբերման» երկշաբաթյա դասընթացը:

Դասընթացն անցկացվում է Քանզասի ազգային գվարդիայի հրահանգիչների կողմից, որին ներգրավված են ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ռազմաբժշկական ծառայության ներկայացուցիչներ:

Երկշաբաթյա դասընթացները կազմակերպվել եւ անցկացվել են երկու փուլով: Առաջին փուլում մասնակիցներին ուսուցանվել են բուժօգնության ցուցաբերման վերաբերյալ ընդհանուրի տեսական գիտելիքներ: Երկրորդ փուլում իրականացվել է գործնական ուսուցում` ռազմադաշտում վիրավորվածներին անհետաձգելի բուժօգնության ցուցաբերման եւ տարհանման վերաբերյալ:

Դասընթացի անցկացման ընթացքում մասնակիցները ծանոթանալու են նաեւ դասընթացի դասավանդման մեթոդոլոգիային` ՀՀ զինված ուժերում նմանատիպ դասընթացների կազմակերպման ընթացքում այն օգտագործելու նպատակով: