Հայաստանի սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել նախարար Հրանուշ Հակոբյանի հանդիպումը «Հայաստան» hամահայկական hիմնադրամի տեղական մարմինների 20 երկրներում գործող ատենապետերի եւ վարչությունների անդամների հետ:

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը կարեւորել է «Հայաստան» հիմնադրամի դերը եւ շնորհակալություն հայտնեց հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ Սփյուռքի նախարարության ծրագրերին աջակցելու համար: Նախարարը նշել է, որ կառավարության այս տարվա ծրագրում առավել մեծ ուշադրություն է դարձվելու տնտեսության զարգացմանը, գերակա ճյուղերում կիրականացվեն լուրջ ներդրումներ, որոնք էլ իրենց հերթին կբերեն նոր աշխատատեղերի ստեղծմանն ու առավել բարձր աշխատավարձերի ապահովմանը: Հանդիպման մասնակիցներին ուղղված իր խոսքում նախարարը կարեւորել է մի շարք արդիական խնդիրներ. հորդորել սփյուռքահայերին Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ուշադրություն դարձնել հայոց լեզվին, որպեսզի երիտասարդները խոսեն հայերեն, հակառակ պարագայում նրանք կորցնում են հայ մնալու կարեւորագույն բաղադրիչը:

Լեզվի պահպանման հարցում նախարարը կարեւորել է սփյուռքահայերի մասնակցությունը նախարարության կողմից կազմակերպված «Ամառային դպրոցի» աշխատանքներին, որի ընթացքում դասավանդվում են եւ´ արեւելահայերեն, եւ՛ արեւմտահայերեն:

Նախարարը առաջնահերթություն է համարել նաեւ Սփյուռքում ապրող երեխաների Հայաստան այցելելը: Նշվել է, որ «Արի Տուն» ծրագրով 2009-ից մինչ օրս Հայաստան են այցելել շուրջ 3000 պատանիներ եւ աղջիկներ:

Սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող զեկուցումով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով նշել է, որ 10-ից ավելի փոփոխություններ են կատարվել իրավական փաստաթղթերում, որոնք հեշտացնում են սիրիահայերի մուտքն ու կեցությունը Հայաստանում: Նշվել է, որ սիրիահայերին առնչվող կրթական, առողջապահական բոլոր խնդիրները լուծվել են անվճար հիմունքներով: Խոսվել է նաեւ Աշտարակում սիրիահայերի համար բնակելի թաղամաս հիմնելու մասին: 

«Սիրիահայերի խնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լենա Հալաջյանը սիրիահայերի անունից շնորհակալություն է հայտնել բարերարներին, «Հայաստան» hամահայկական hիմնադրամին եւ Սփյուռքի նախարարությանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին տեղեկացրել է, որ սիրիահայերին տրամադրել են 500 000 դոլարից ավել ցածր տոկոսով վարկեր, որպեսզի իրենց գործը սկսեն Հայաստանում: Բարձր գնահատելով սիրիահայերի մարդկային ու մասնագիտական որակները՝ նախարարն ասաց. «Սիրիայի հայերը շատ աշխատասեր են, որ բնագավառ մտնում են՝ ծաղկեցնում են»:

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում, հանդես են եկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Կարեն Օհանյանը (Շվեդիա), Սարգիս Քոթանջյանը (ԱՄՆ) եւ ուրիշներ:

Ներկաները Սփյուռքի նախարարին առաջարկել են, որ նախարարությունն օգտվի «Հայաստան» հիմնադրամի տարբեր երկրների ռեսուրսներից, այդ երկրների հայկական դեսպանատներում Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ ունենա: Հրանուշ Հակոբյանը հավելեց, որ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ Լիբանանի հայկական դեսպանատներում արդեն կան Սփյուռքի նախարարության ներկայացուցիչներ, բայց անհրաժեշտ է աշխարհագրությունը ընդլայնել:

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել «Արի Տուն» ծրագրի մասին ֆիլմի դիտում: