Դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնի բանդայի գործով ամբաստանյալ Քյարամ Ամոյանի մոտ հոգեկան շեղումներ են առաջացել եւ նա դատապարտյալների հիվանդանոցից առաջիկայում կտեղափոխվի Սովետաշենի հոգեբուժարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քյրամ Ամոյանի մայրը` Կարինե Ամոյանը, ով «Եզդի Ճակո»-ի քույրն է: «Տուններս քանդեցին: Տղես մեզ տեսնում է, սկսում է ծիծաղել: Չեմ հասկանում, թե ինչի վրա է ծիծաղում: Դատարանում հիվանդանոցում մուգ ակնոցներ է դնում: Իրական հանցագործներին թողած անմեղ տեղը համ մեր, համ տղուս տունը քանդեցին»,- ավելացրեց Կարինե Ամոյանը:

Մինչեւ այդ տեղեկացրել էինք, որ  Քյարամ Ամոյանի մոտ նյարդային խնդիրներ են առաջացել եւ ապրիլի 30-ին նա պետք է ենթարկվեր դատահոգեբուժական ամբուլատոր փորձաքննության: 

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին, առավոտյան, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում Քյարամը վատացել է, ճնշումը կտրուկ բարձրացել է, որի հետեւանքով ուղեղի մեջ արյան անոթը պայթել է եւ ամբողջ արյունը լցվել է գլխի մեջ: Նա նաեւ կաթված է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բուժում է ստացել: Կարինե Ամոյանը նշել էր նաեւ, որ թույլ չի տվել, որ որդին դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակի կամ աշխատի, քանի որ առողջական խնդիրներ ունի:  «Ծաղկաձորում բուռանով (ամենագնացով) շրջվելուց հետո հազիվ կյանքը փրկեցինք: 2006-ի հուլիսին են գլուխը վիրահատել, ինչից հետո խորհուրդ են տվել մշտապես գտնել նյարդաբանի հսկողության տակ: Մինչ օրս ոտքի մեջ շշեր են դրված, իսկ նյարդային համակարգը խանգարվել էր: Երբ այդ ավազակային հարձակումներն սկսվեցին տղաս Կրասնոդարում էր, իսկ վերադառնալուց հետո` հիվանդանանոցում էր պառկած»,- պատմել էր Քյարամ Ամոյանի մայրը: Ավելի վաղ` NEWS.am-ը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 23-ին, ավազակախմբի վնասազերծման գործողությունն իրականացվել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից: Գործողությունն իրականացվել է մի քանի ուղղություններով: Գործողության ժամանակ կասկածյալներից մի քանիսը փորձել են փախուստի դիմել, սակայն Mercedes մակնիշի մեքենան վթարվել էր, իսկ 49-ամյա Գուրգեն Հայրապետյանը փախուստի ժամանակ ընկել էր ժայռից եւ մահացել: Բանդայի վնասազերծման գործողության արդյունքում ձերբակալվել էր 16 մարդ, որոնցից 8-ն ավելի ուշ կալանավորվել էին, որոնց թվում էր նաեւ Քյարամ Ամոյանը: