Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փաստորեն, Հայաստանի շրջափակումը եթե ոչ արդարացված, ապա օրինաչափ է համարում:  Այս մասին NEWS.am-ին  ասաց «Ժառանագություն»  կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը` մեկնաբանելով նախօրեին Լավրովի հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի ստատուս քվոյի անընդունելիության, «չվերադարձված ադրբեջանական տարածքների» եւ Հայաստանի շրջափակման մասին:

«Եւ այդ մասին հայտարարում է Հայաստանի ռազմավարական գործընկերը համարվող երկրի ներկայացուցիչը»,-տարակուսանք հայտնեց ընդդիմադիր գործիչը` նկատելով, որ դա անհանգստության լուրջ առիթ է, քանի որ շոշափված երկու հարցերն էլ` Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի շրջափակման, երկրի ազգային անվտանգության մարտահրավերներից են: «Մեկ նախադասությամբ  երկու հարված Հայաստանի անվտանգությանը` դա մտածելու տեղիք է տալիս»,-նկատեց Սաֆարյանը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք Լավրովի հայտարարությունը վկայում է Ռուսաստանի քաղաքական կուրսի փոփոխության մասին,  թե դա քաղաքական մանեւր է, Սաֆարյանն ասաց, որ  խնդիրն, ավելի շատ, Հայաստան-ԵՄ խորացող հարաբերություններում է: «Ավելի ճիշտ, դա կախված է Եվրոպայի շահերի հետ, քանի որ Հայաստանը չէ, որ խորացնում է հարաբերությունները Եվրոպայի հետ, այլ Հայաստանի ղեկավարութունը ստիպված է բավարարել եվրոպական աճող շահերը: Իսկ Մոսկվան հասկանում է, որ կարող է կորցնել տարածաշրջանը»,-ասաց նա` հիշեցնելով, որ նախատեսվում է ԵՄ-ի հետ խորը եւ համապարփակ առեւտրի  համաձայնագրի ստորագրումը եւ ավելացնելով, որ Մոսկվան փորձում է նախազգուշացումների օգնությամբ Հայաստանին ստիպել վերանայել ԵՄ հետ հարաբերությունները եւ չկատարել Ռուսաստանի շահերին հակասող քայլեր:

Սաֆարյանի խոսքով` Մոսկվան արդեն մի քանի նախազգուշացում է կատարել, որոնց թվում է նաեւ գազի սակագնի բարձրացումը: «Ռուսաստանը հզոր գերտերություն է եւ պաշտպանում է իր շահերը: Խնդիրը հայկական պետության թուլացման մեջ է, որը համապատասխան արձագանք չի տալիս նման նախազգուշացումներին»,-եզրափակեց Սաֆարյանը:

Նշենք, որ մայիսի  21-ին Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ  համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ «առկա ստատուս-քվոն, անխոս, անընդունելի է ինչպես Հայաստանի եւ Ադրբեջանի, այնպես էլ Ղարաբաղի բնակիչների համար»: