Արմավիրի, Կոտայքի եւ Շիրակի մարզերի որոշ համայնքներում մայիսի 26-ին գյուղապետի ընտրություններ են տեղի ունենալու, որտեղ գյուղապետի պաշտոնի համար միմյանց հետ կմրցեն ազգականները, հարեւաններն ու դասընկերները:

Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր հետ մրցապայքարի մեջ են մտել եւս 3 թեկնածուներ` Հայկ Սահակյան, Աշոտ Հայրապետյանը  եւ Գրիգոր Սահակյանը: Գյուղապետի փոխանցմամբ՝ բոլոր թեկնածուներն էլ հողագործությամբ են զբաղվում, իսկ Աշոտ Հայրապետյանն իր քարտուղարն է:

Հարցին, թե ինչպիսի՞ն էր իր արձագանքը, երբ իմացավ, որ քարտուղարն իր հետ մրցապայքարի մեջ է մտել, նա պատասխանեց. «Շատ սովորական: Խոսեցինք, ասաց ուզում եմ գյուղապետ դառնալ, ես էլ ասացի. «Աստված քեզ հետ»: Իսկ մյուս երկու թեկնածուները, գյուղապետի փոխանցմամբ, հորեղբոր թոռներ են:

Ի դեպ, գյուղապետն ու Հայկ Սահակյանը ՀՀԿ-ականներ են, իսկ մյուս թեկնածուներն՝ անկուսակցական: Գյուղը ունի 790 ընտրող, որոնցից մոտ 570-ը կմասնակցեն ընտրություններին:

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ԲՀԿ-ական ղեկավար Մնացական Գեւորգյանի հետ ընտրապայքարի մեջ է մտել նրա հարեւան անկուսակցական Վանիշկա Ոսկանյանը, ով զբաղվում է այգեգործությամբ: Նուռնուսն ունի 438 ընտրող, որից ընտրություններին կմասնակցի 280-ը:

Շիրակ մարզի Ախուրիկ համայնքի ղեկավար, ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը նշեց, որ իր հետ մրցապայքարի է  դուրս եկել համադասարանցի Սարգիս Սահակյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 26-ին Հայաստանի 4 համայնքներում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ: ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ Արմավիրի մարզի Վարդաշեն համայնքի ղեկավարի պաշտոնի համար կմրցեն ՀՀԿ-ական գործող գյուղապետ Արթուր Մանուկյանը, ՀՀԿ-ական Հայկ Սահակյանը, անկուսակցական Աշոտ Հայրապետյանը եւ Գրիգոր Սահակյանը: Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի ղեկավարի պաշտոնի համար կմրցեն ԲՀԿ-ական գործող գյուղապետ  Մնացական Գեւորգյանը եւ անկուսակցական Վանիշկա Ոսկանյանը, Նոր Հաճն համայնքում քաղաքապետի պաշտոնի համար կմրցեն  ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյան եւ ինքնաառաջադրված Շուշանիկ Նազարյանը: Շիրակի մարզի Ախուրիկ համայնքի ղեկավարի պաշտոնի համար էլ ընտրապայքարի մեջ են մտել գործող ՀՀԿ-ական գյուղապետ ՀՀԿ-ական Վարդիթեր Գասպարյանը եւ  անկուսակցական Սարգիս Սահակյանը: Նշենք, որ հունիսի 23-ին տեղի կունենան Արարատի մարզի Սուրենավան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Այստեղ առայժմ առաջադրված թեկնածուներ չկան: