Հայաստանում մեկնարկում է Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի («Ի-Դի-Էմ-Սի») կողմից ֆինանսավորված եւ Հայ-ռուսական (սլավոնական) Համալսարանի աջակցությամբ իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում «Քի Սոլուշնզ» խորհրդատվական ընկերության առաջարկված «Զբաղվածություն պրակտիկայի եւ վերապատրաստման միջոցով» նախագիծը:
«Քի Սոլուշնզ» ընկերության կողմից առաջարկված այս ծրագրի շրջանակներում Երեւանի բուհերի ուսանողները հնարավորություն կստանան անցնել երկամսյա պրակտիկա եւ վերապատրաստման դասընթացային ծրագիր EDMC-ի կողմից թիրախային համարվող ոլորտներում` տեղեկատվական տեխնոլոգիաներ, զբոսաշրջություն, պտուղ-բանջարեղենի վերամշակում եւ դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ: Հարցազրույցի արդյունքում կընտրվի 20 ուսանող: Պրակտիկայի բարեհաջող ընթացքն ապահովելու նպատակով յուրաքանչյուր ուսանողի կցվելու է համապատասխան կազմակերպությունում աշխատող մենթոր, ով հետեւելու է վերջինիս մասնագիտական աճին ու զարգացմանը:
Նախագիծն աննախադեպ է իր էությամբ, քանի որ ուսանողներին լայն հնարավորություն է ընձեռում համապատասխան դասընթացների եւ պրակտիկայի կազմակերպման միջոցով աշխատանքի անցնել վերոհիշյալ ոլորտներում:
Ծրագրին դիմելու համար ուսանողները պետք է անցնեն հետեւյալ հղումով եւ լրացնեն իրենց մասին տվյալները:
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ու փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) զարգացմանն աջակցելուն: Հնգամյա այս ծրագրի նպատակն է Հայաստանում բարձրացնել զբաղվածության եւ եկամուտների մակարդակը` խթանելով աճը արտահանման մեծ ներուժ ունեցող ընտրված արժեքի շղթաներում:



























