Օրեր առաջ զինծառայող Լյուքս Ստեփանյանը դարձավ պաշտպանական ոլորտում ձեւավորված ու գործող` քրեական արժեհամակարգի ու բարքերի վրա հիմնված կառավարման համակարգի հերթական զոհը: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «Նախախորհրդարանը»:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Քրեական այդ համակարգը Հայաստանում ձեւավորված նորգաղութային կեղեքման կառավարման համակարգի բաղադրիչն է: Այն գործում է օրենքով նախատեսվածին զուգահեռաբար եւ ըստ էության ներառում է պաշտպանական ոլորտի հիմնական հարաբերությունները, մինչդեռ օրենքով նախատեսվածն ընդամենը սպասարկում է նրան:

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի դիակը նրա բնակության վայրից` Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղից Երեւանի Հանրապետության Հրապարակ բերելու ծայրահեղ քայլն այդ քրեական համակարգի դեմ նրա ծնողների, հարազատների ու համագյուղացիների ընդվզման ցույց էր:

Սրբություն ու օրենք չճանաչող այդ համակարգը դեպի Երեւան ուղեւորվող ավտոշարասյան երթը խափանելու նպատակով բռնություն է գործադրել սպանված զինծառայողի հարազատների ու համագյուղացիների, այդ թվում` նրա հոր նկատմամբ, խախտել նրանց տեղաշարժվելու ազատության իրավունքը, վնասել նրանց գույքը, ոտնձգություն կատարել դիակի նկատմամբ` փորձելով շուռ տալ նրան տեղափոխող ավտոմեքենան, բազմաթիվ դրվագներով վիրավորել զոհվածի հարազատների ու համագյուղացիների մարդկային արժանապատվությունը:

Որպես բռնության հիմնական գործիք է կիրառվել Ռազմական ոստիկանությունը, որն օրենքով քաղաքացիական բնակչության հետ առնչվելու որեւէ լիազորություն չունի, ուստի Զինված ուժերի մաս կազմող այդ ստորաբաժանմանը նման հրաման տված եւ այդ հրամանը կատարած բոլոր պաշտոնատար անձինք ենթակա են քրեական պատասխանատվության:

«Նախախորհրդարանն» իր զորակցությունն է հայտնում զոհված զինծառայող Լյուքս Ստեփանյանի` հանուն արդարության ընդվզած հարազատներին ու համագյուղացիներին: Կոչ ենք անում ամուր կառչել հայրենի հողին եւ բոլոր հնարավոր միջոցներով պայքարել հանուն մեր նահատակների հիշատակի, մեր մարդկային եւ ազգային արժանապատվության վերականգնման ու  Հայրենիքի ազատագրման»: