Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մայիսի 22-ին մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ այցելել է Արշալույս գյուղի մերձակայքում գտնվող հակակարկտային կայան: Վարչապետը ՀՀ ԱԻ նախարարության մասնագետներին փոխանցել է գյուղացիների մտահոգությունը, որ կարկտի օրը կայանները չեն աշխատել, եւ դրանք արդյունավետ չեն։ ԱԻՆ մասնագետները Տիգրան Սարգսյանին հավաստիացրել են, որ դրանք արդյունավետ են։ Սակայն մարզում կան կայաններ, որոնք չեն գործել կարկտի օրը, քանի որ դրանք համայնքային սեփականություն են եւ միացված չեն ընդհանուր համակարգին:
Վարչապետը հանձնարարել է Արմավիրի մարզպետին անհապաղ միջոցներ ձեռնարկել համայնքային կայաններն ԱԻ նախարարության շահագործմանը հանձնելու համար, որպեսզի նման դեպքեր այլեւս չկրկնվեն։
Վարչապետ Սարգսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ։ Խորհրդակցության ավարտին Տիգրան Սարգսյանն առավել անապահով գյուղատնտեսների հետ անհատական կարգով քննարկել է վերջիններիս խնդիրները եւ խոստացել, որ դրանց լուծման ուղղությամբ գործողությունները կլինեն իր անձնական ուշադրության ներքո:
Ուշ երեկոյան ավարտված խորհրդակցության արդյունքում որոշվել է.
• կարկտից տուժած 46 համայնքների բնակիչները հողահարկ չեն վճարի, իսկ մասնակի տուժած համայնքների դեպքում՝ հողահարկի 50 տոկոսը կվճարի պետությունը.
• նույն սկզբունքը կգործի նաեւ ջրի վարձավճարի դեպքում.
• գյուղացիներին տրամադրվելու է սերմնացու, պարարտանյութ եւ դիզվառելիք.
• յուրաքանդյուր գյուղացու նկատմամբ ցուցաբերվելու է անհատական մոտեցում, վարկեր վերցրած գյուղացիների վարկերի եւ դրանց տոկոսադրույքների մարումն ըստ անհրաժեշտության եւ իրավիճակի սառեցվելու է որոշակի ժամկետով.
• գյուղացիների դոլարային վարկերը կփոխարինվեն դրամայինի՝ պետության սուբսիդավորմամբ.
• վարչապետի հանձնարարականով մարզի բոլոր գյուղերում կտեղադրվեն հակակարկտային կայաններ եւ դրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից.
• վարչապետի հանձնարարականով սոցիալական հատկապես սուր խնդիրներ ունեցող գյուղացիներին կտրվի դրամական միանվագ օգնություն:





























