Բանկային համակարգում մրցակցությունն այսօր վախեցնող մակարդակի է հասել: Այդ մասին այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ԿԲ 2012 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման մասին հաշվետվության ներկայացման ժամանակ:
Մինչ այդ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ վարկերի տոկոսադրույքները բարձր են, իսկ բանկերը դարձել են լոմբարդ՝ խանգարելով փոքր բիզնեսի զարգացմանը:
Ա. Ջավադյանը պատասխանեց, որ վարկային տոկոսադրույքները արտահայտում են փողի գինը Հայաստանում: Նույնիսկ միջազգային կազմակերպությունները բավակաին թանկ են վարկային ռեսուրսներ տրամադրում: Օրինակ՝ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկը (IBRD) հայկական բանկերին ռեսուրս տրամադրում է LIBOR+5 տոկոսադրույքով: Եթե դրան գումարվում է ռիսկի աստիճանը, բանկային մարժան՝ ստացվում է այն տոկոսադրույքը, որով ներկայում վարկավորում են բիզեսին (բիզնես վարկերը մոտավորապես 12-13% են): «Մեր քաղաքականությունը միտված է մրցակցության ապահովմանը, ու սփրեդի նվազումը այդ մրցակցության հետեւանք է»,- ասաց Ա. Ջավադյանը; Սակայն, նրա խոսքով, մրցակցությունը վախեցնող մակարդակի է հասել, 2-3 բանկեր կան, որոնք ագրեսիվ քաղաքականություն են վարում: «Աբսուրդ է, բայց մրցակցության առումով նույնիսկ ԱՄՆ-ից առաջ ենք»,- ասաց ԿԲ նախագահը:
Նրա գնահատմամբ՝ վերջին 5 տարում ֆինանսական միջնորդությունը Հայաստանում աճել է 3,5 անգամ, իսկ վարկավորման ծավալները ՀՆԱ-ի 16%-ից հասել են 40%-ի; Դա, իհարկե, ուրախացնող է, սակայն, ԿԲ նախագահի կարծիքով, կան նաեւ մտահոգություններ: Վարկերի աճը կարող է անդրադառնալ վարկերի որակի վրա, այդ պատճառով ներկայում առաջնային է դառնում ֆինանսական կայունության ապահովումը:




























