Հատուկ քննչական ծառայության նախկին ղեկավար Անդրանիկ Միրզոյանը NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում մեկնաբանել է իր պաշտոնանակությունը եւ դրան առնչվող մի շարք հարցեր:

ՀՔԾ նախկին պետը խոստովանեց, որ պաշտոնանկությունը իր համար անսպասելի էր, այդ մասին իմացավ, երբ համապատասխան հրամանագիրը ստորագրվեց: «Ես իմ աշխատանքին նվիրված մարդ եմ եղել, ամբողջ կյանքում սիրել եմ իմ աշխատանքը, անմնացորդ արել եմ իմ աշխատանքը, իմ 35 տարվա քննչական աշխատանքային փորձը նվիրված է եղել մեր պետության, պետականության կառուցմանը, ես նվիրված եմ եղել Լեւոն Տեր-Պետրոսյանին, նվիրված եմ եղել Քոչարյանին, առավել եւս` նվիրված եմ եղել Սերժ Սարգսյանին, որովհետեւ այդ մարդիկ գնահատել են իմ աշխատանքը, ես վաստակավոր իրավաբանի կոչում եմ ստացել, այսօր էլ եմ պատրաստ նվիրված աշխատել: Ես արել եմ այն, ինչ կարողացել եմ, հիմա թող նոր եկողները լրացնեն այն, ինչ ես չեմ կարողացել, իսկ նախագահի հրամանագիրը մտքովս չի անցնում քննարկել»,- նշեց նա:

Անդրանիկ Միրզոյանը հերքեց տեղեկությունները,թե իր պաշտոնանկությունը կապված է զինվորի սպանության դեպքի հետ, ասելով, որ նման գործ չի քննել: Նա նշեց, որ չի կարծում, թե որեւէ քրեական գործով ինչ-որ թերացումներ են եղել, ինչ թերացումներ եղել են, նախագահն հստակ ասաց, դրանք թերեւս ոչ թե առանձին գործերի հետ են կապված, այլ կառույցի կայացման, կազմակերպման: Անդրանիկ Միրզոյանը համաձայն էր իրեն պաշտոնանկ անելու վերաբերյալ նախագահի դիտարկումներին, որոնք նա ասել էր նոր պետ Վահրամ Շահինյանին ներկայացնելիս: «Եթե նախագահն ասում է, ուրեմն` բացթողումներ ունեցել եմ,  ես չեմ քննարկում, խորհուրդ կտամ դուք էլ չխորանաք,չքննարկեք հանրապետության նախագահի ցանկացած որոշում, ему виднее»:

Անդրանիկ Միրզոյանը չմեկնաբանեց այն տեղեկությունները, թե իրեն հանել են աշխատանքից, քանի որ ընտրություններից հետո սովորաբար պետք է մեկին հանեն, եւ այդ մեկը ինքը եղավ: «Ես չեմ էլ հետաքրքրվում, այդ հարցերը ինձ չի էլ հետաքրքրում: Նախագահը դժգոհություն է հայտնել կազմակերպչական եւ այլ հարցերով, ինձ ի՞նչ էր մնում անել, եթե ոչ հրաժարականի դիմում գրել»,- նշեց նա:Նա համաձայնեց, թե գուցե իր պաշտոնանկության պատճառն այն է եղել, որ երբեմն խիստ չի եղել գործընկեր պաշտոնյանների նկատմամբ, մասնագիտականը գերակայել է մարդկայինին:

Հարցին, թե ձեզ ստիպե՞լ են, որ դիմում գրեք, նա պատասխանեց, որ «ոչ, ինքը հասկացել է, որ այս պաշտոնում պիտի չաշխատի, որովհետեւ հանրապետության նախագահը ուղղակի դժգոհություն է հայտնել, իսկ եթե մի հիմնարկում դժգոհություն են հայտնում, այս հիմնարկի պետը պիտի դուրս գնա»: Իսկ թե ինչու երկրի ղեկավարությունը նրան հնարավորություն չտվեց շտկելու սխալները, նախկին պետն ասաց, որ «ամեն ինչ նորմալ է համարում, խնդիր չկա»:

Ի դեպ, Անդրանիկ Միրզոյանը չթաքցրեց, որ տխրել է պաշտոնանկությունից եւ կարոտում է իր աշխատավայրը, բայց շեշտեց, որ փիլիսոփայորեն է վերաբերում: Նա նշեց, որ այդ աշխատավայրում ամեն ինչ` սկսած աթոռից, սեղանից, գրիչից, իրեն հարազատ էր, «պատկերացրեք` 35 տարի այդ աշխատանքում, ի՞նչ է նշանակում դա, դա իմ տունն էր, ավելի շատ այդտեղ եմ եղել, եթե որեւէ մեկը ասի, թե իր համար միեւնույն է, մի հավատացեք, եթե մարդ իր աշխատանքը սիրել է, սիրում է, նույնը չի լինի»: «Ես ուղիղ աչքերով կարող եմ նայել բոլորին, ես իմ պարտականություննները կատարել եմ բարեխղճորեն, անմնացորդ նվիրումով, գիշեր-ցերեկ, արել եմ այն, ինչ կարողացել եմ, եթե ինչ որ պակաս բաներ կան, թող լրացնեն այն մարդիկ, ովքեր եկել են, կարծում եմ կկարողանան, Շահինյանը` առավել եւս, բանիմաց դատախազ է, փորձառու մարդ է, կկարողանա լրացնել բացերը, որ կա»,- ասաց Անդրանիկ Միրզոյանը:

ՀՔԾ նախկին ղեկավարն ասաց, որ նոր պետի հետ լավ հարաբերություններ ունի, շատ մտերիմ են, լավ ընկերներ են, «ինքը խելոք տղա է, կարծում եմ` կկարողանա, ճիշտ է` քննիչ չի աշխատել, բայց կկարողանա այն, ինչ-որ ես չեմ հասցրել, չեմ կարողացել, ինքը կանի,այժմ, մենք մտերիմ ենք, պաշտոնանկությունը ոչինչ չի փոխել, պատրաստ եմ նրան օգնել խորհուրդներով, եթե հարցնի, դիմի»:

Անդրանիկ Միզոյանն ասաց, որ այժմ հանգստանում է, հողագործությամբ է զբաղվում, ինքնակենսագրական է գրում, գրքեր է ընթերցում, հարազատների հետ շփվում :«Ես ունեմ ուղիղ 35 տարվա քննչական աշխատանքի փորձ, եթե իմ  գիտելիքները որեւէ մեկին պետք գան, կարող եմ օգտակար լինել, ես պատրաստ եմ: Ես այժմ աշխատում եմ իմ տանը, մեր հողամասում, ես գյուղի տղա եմ, հնարավորություն ունեմ հիշելու իմ անցայլը, անհրաժեշտություն կա գրելու ինքնակենսագրություն, արդեն սկսել եմ, ետեւում մնացած տարիներս պետք է թղթին տամ: Ես գրել սիրում եմ, իմ մոտ ստացվում է»,- նշեց նա:

Նա նշեց, որ, որպես իրավաբան, մասնավոր սեկտորում աշխատանքի առաջարկներ է ստացել թե Հայաստանից, թե արտերկրից, բայց ինքը չի պատրաստվում նույնիսկ հարազատ գյուղը լքել: «Ես դարբնի տղա եմ, հայրս դարբին է եղել, Աստծո կամոք հորս` Գառնիկ Միիրզոյանի կրթությունը վերջացել է գրաճանաչությամբ, մայրս գրաճանաչ լինելու բախտին չի արժանացել, այդ պատճառով էր, որ ծնողներս ուսման հարցում երեխային չէին խնայում, երեւի դա էր պատճառը, որ ես դպրոցում աչքի էի ընկել աշխատասիրությամբ, հավասարապես բոլոր առարկաները լավ սովորելու ցանկությամբ, ինչ-որ բաներ ստացվել է, արել եմ կյանքում: Իմ աշխատանքային կենսագրությունը սկսել եմ դրսից, իմիջայլոց աշխատանքի եմ ընդունվել մայիսի 3-ին, քննիչ եմ նշանակվել, 35 տարի անց` ուղիղ այդ օրը, հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել իմ դիմումի համաձայն ինձ աշխատանքից ազատելու»,- ասաց նա:

Նա դեռ չգիտի, թե որտեղ կաշխատի հետագայում,  կցանկանար, որ իր մասնագիտական գիտելիքները օգտագործվեն:Անդրանիկ Միրզոյանը նշեց, որ բացարձակապես ցանկություն չունի պետական մարմիններում աշխատել, եթե առաջարկեն, կմտածի: «Եթե կուզենան իմ գիտելիքները, իմ պրոֆեսիոնալիզմը օգտագործել, ես պատրաստ եմ: Այժմ զբաղված եմ առօրյա կյանքով, առօրյա հոգսերով, այն ամենը, ինչ ժամանակին չեմ հասցրել,  բավականին գրքեր եմ բաց թողել, ժամանակի չեմ ընթերցել, հիմա ընթերցում, վերընթերցում եմ, հրաշալի գրքեր ունեմ իմ աշխատասեղանին դրած, նորից անդրադառնամ, Սենեկա ընթերցեմ»:

Անդրանիկ Միրզոյանը շեշտեց, որ ինքը հետք է թողել, իր աշխատած ժամանակահատվածում իր մոտից մասնագետներ են գնացել բարձր պաշտոնների, «դարբնոց է եղել, որտեղ մարդիկ դարձել են պրոֆեսիոնալներ, իմ մոտ աշխատանքի զանգով ոչ ոք չի ընդունվել, ընտրել են այն մարդկանց, ովքեր գրագետ, խելացի տղաներ են, պետության արժեքը հասկացել են, գիտեն` ինչ է պետք այս պետությանը, պատահական չէ, որ մարզերի, համայնքների պատասխանատուներ, ոստիկանությունում քննչականի պետեր, բոլորը իմ կադրերն են, իմ մոտից գնացած տղաները, դարբնոց է եղել, սա է ինձ ուրախացանում , սա է, ինչով ես ապրում եմ, եւ կապրեմ»:

Ինգա Մարտինյան