Արմավիրի մարզի մի քանի գյուղերում գոհ են վարչապետի` իրենց օգնելու համար կայացրած որոշումներից:

Արեւիկի գյուղապետ Գառնիկ Ծատրյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վարչապետի հետ հանդիպումից հետո դժգոհ մարդ չի մնացել, որովհետեւ նա ժողովրդի հետ շփվեց մինչեւ երեկոյան 23.00-ը, քննարկեց բոլոր հարցերը, շատ համոզիչ էր: Նա նշեց, որ իր համագյուղացիների համար ամենակարեւորը վարկերի սառեցումն էր, եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նրանց հավատացրել է, թե որեւէ բանկի հետ խնդիր լինի, անպայման դիմեն, թեժ գծին զանգահարեն եւ անպայման կօգնեն: Նրանք  նաեւ ուրախացել են, որ Կառավարությունը կօգնի 100 տոկոս տուժածներին, կտրամադրեն առանց տոկոսների վարկեր, սերմնացու, դիզվառելիք: «Մի քիչ թերահավատություն կար, որ այդ ամենը անեն, շատ գոհ կլինենք»,- ասաց գյուղապետը: Նա նշեց, որ կարկուտից հետո իրենց գյուղում եւս մարդիկ կային, ովքեր ուզում էին գնալ գյուղից, բայց չեն գնացել:

Ակնալիճի գյուղապետ Գագիկ Մինասյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գյուղացիները գոհ են, որ նման վերաբերմունքի արժանացան, անտարբեր չեղավ պետությունը: Ակնալիճի բնակիչները ոգեւորված են, որ հողի, գույքահարկից, ջրի վճարից ազտավելու են, բանկային համակարգի հետ կապված խնդիրը լուծվելու է: «Բոլորն էլ հասկանում են, որ ոչ նախագահը, ոչ վարչապետը ի՞նչ կարող են անել նման աղետների դեպքում, էլի գոհ ենք, որ ստանալու ենք փոխհատուցում, պիտի եղածով բավարարվենք: Մեր երկիրն էլ հզոր երկրների պես չէ, որ կարողանա ավելի շատ օգնել, այսօր այսքանով կարողացան եւ օգնեցին»,- ասաց նա:

Նա նշեց, որ դժգոհ գյուղացիներ չեղան, համենայն դեպս` արտահայտվողներ չեն եղել: Հարցին, թե ինչով է պայմանավորված, որ որոշ գյուղերում արմավիրցները դժգոհ են, իսկ որոշ գյուղերում` գոհ Կառավարության որոշումից, նա պատասխանեց, որ ամեն գյուղ իր սովորույթներն ունի, շատ բան կախված է նաեւ մոտեցումից, գյուղացիներին բացատրելուց: Նա նշեց, որ իրենց գյուղից արտագաղթողներ չեն եղել, տրամադրված են մնալ, մշակել իրենց հողերը:

Նշենք, որ Հայաստանի մի շարք համայնքներում կարկուտի հետեւանքով վնասվել էր գյուղացիների բերքը, նրանք բազմաթիվ բողոքի ակցիաներ են կազմակերպել, ընդհուպ փակել են Երեւան-Արմավիր ճանապարհը, որպեսզի պատկան մարմինները լուծում տան իրենց խնդիրներին: Որոշվել է, որ տուժած գյուղացիները կազատվեն հողի գույքահարկից, ջրի վճարից, տոկոսադրույքներն եւ դոլարային վարկերը դառնալու են դրամային վարկեր, տոկոսադրույքների հետ կապված ամեն մեկի հետ առանձին աշխատանք է տարվելու, որպեսզի մեխանիզմներ մշակվեն դրանց նվազեցման եւ մարման հետաձգման կարգի վերաբերյալ: Այն գյուղացիները, որոնք կարող են վերականգնել իրենց տնտեսությանը, տրամադրելու են  սերմնացու եւ սածիլներ: Նախատեսվում է կազմել սոցիալապես անապահով գյուղացիների ցուցակը եւ նրանց տրամադրել հասցեական օգնություն: