Ապահովագրական ընկերությունը դեռ չի փոխհատուցել «Սպայկա» ընկերությունում  հրդեհի պատճառած վնասը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանն ու հավելեց. «Ապահովագրական ընկերությունը դեռ ուսումնասիրում է «Սպայկա» ընկերությունում տեղի ունեցած հրդեհի պատճառները եւ առայժմ որոշում չի կայացրել փոխհատուցման տրամադրման հարցում»:

Այս խնդրի առնչությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտել է, որ «Սպայկա» ընկերության ակտիվ մասնակցությունը գյուղմթերքների մթերման գալիք սեզոնին մեծ նշանակություն ունի գյուղացիական տնտեսություների համար:

«Անցյալում եւ այս տարվա առաջին կիսամյակում «Սպայկա» ընկերությունն առաջատար էր ծիրանի, դեղձի, խաղողի, կարտոֆիլի եւ մի շարք այլ գյուղմթերքների մթերման գործում: Սպայկայի արդիական սառնարանային համալիրի վերականգնման համար մեծ նշանակություն ունի ապահովագրական ընկերության փոխհատուցման արագ վճարումը: Այդ առումով, գյուղատնտեսության նախարարությունը հետեւում է եւ հրդեհի առաջացման պատճառների հետաքննության գործընթացին եւ ապահովագրական ընկերության կողմից փոխհատուցման վճարման աշխատանքին: Միաժամանակ նախարարությունը բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է գյուղմթերքների մթերման աշխատանքները պատշաճ ձեւով կազմակերպելու համար»,-ասել է նախարարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Սպայկա» ընկերությունը հրաժարվել է արտադրական տարածքներ տրամադրելու կառավարության առաջարկից:

Հարցին, թե ի՞նչ ընթացքում է Կառավարության կողմից առաջարկված արտադրական տարածքների տրամադրման հարցը, Դ. Ղազարյանը պատասխանել էր. «Սպայկա» ընկերությունն ունի սեփական անհրաժեշտ տարածքներ, որտեղ հիմա լայն թափով կազմակերպվում է սառնարանային տնտեսություն եւ գյուղմթերքների մթերման կետեր: Այդ պատճառով «Սպայկա» ընկերությունը շնորհակալությամբ հրաժարվել է այդ առաջարկից եւ, ինչպես միշտ, շարունակում է ակտիվ համագործակցել կառավարության հետ ընթացիկ մթերումների խնդիրը համագործակցաբար եւ փոխօգնության հիմքով կազմակերպելու ուղղությամբ»: