Ռուսաստանից եկող սպառնալիքի ֆոնին Նորվեգիան, Ֆինլանդիան և Լեհաստանն ընդլայնում են բնակչության ռազմական պատրաստության ծրագրերը։ Քաղաքացիներին սովորեցնում են զենք գործածել, քաղաքային պայմաններում մարտեր մղել, կիրառել անօդաչու թռչող սարքեր և առաջին օգնություն ցուցաբերել վիրավորներին, գրում է Bild պարբերականը։

Նորվեգիայում ընթացիկ տարին հռչակվել է «համընդհանուր պաշտպանության» տարի։ Այս հայեցակարգի համաձայն՝ երկրի պաշտպանության գործում պետք է ներգրավվեն ոչ միայն զինվորականները, այլև պետական կառույցները, բիզնեսն ու բնակչությունը։ Ազգային գվարդիայի (Heimevernet) շարքերում ավելի քան 40 հազար մարդ կա, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է կանոնավոր բանակի թվաքանակը (23 հազար)։ Պահեստազորայինների շարքերում են իրավաբաններ, էլեկտրիկներ, բանկային ոլորտի աշխատողներ, ապահովագրական գործակալներ և ֆերմերներ։ Նրանցից շատերը տարին մեկ անգամ թողնում են աշխատանքն ու մեկնում ռազմական հավաքների։ Սեպտեմբերին Օսլոյում անցկացվել են Ազգային գվարդիայի՝ այս տարվա խոշորագույն զորավարժությունները, որոնց մասնակցել է շուրջ 5 հազար զինված պահեստազորային։ «Մենք կանգնած ենք ռուսների ճանապարհին»,- SZ պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախկին վարչապետ Էռնա Սուլբերգը։ Նորվեգիան Ռուսաստանի հետ ունի գրեթե 200 կմ երկարությամբ սահման։

Ֆինլանդիայում այժմ տարեկան 45 հազար պահեստազորային է վերապատրաստում անցնում։ Նրանք հմտանում են քաղաքային պայմաններում մարտեր վարելու, անօդաչուների կիրառման և մարտի դաշտում բուժօգնության ցուցաբերման գործում։ Քաղաքացիական անձանց համար կազմակերպվում են զենքի գործածման և առաջին օգնության տրամադրման կամավոր դասընթացներ։ Սեպտեմբերի 2-ից 3-ը Կուոպիո քաղաքում ավելի քան 2 հազար մարդ է մասնակցել քաղաքացիական պաշտպանության զորավարժություններին, որոնց ընթացքում փորձարկվել են գործողությունները կիբեռհարձակումների, հոսանքազրկումների և հրթիռային հարվածների սպառնալիքի դեպքում։

Լեհաստանում գործում են քաղաքացիների ռազմական պատրաստության միանգամից մի քանի ծրագրեր։ Դրանցից մեկը «Պատրաստության մեջ» ծրագիրն է, որի շրջանակում հանգստյան օրերին ռազմական գործի հիմունքների և տարհանման պարապմունքներ են անցկացվում։ 2025 թվականին ծրագրի մեկնարկին հաջորդած առաջին շաբաթների ընթացքում դասընթացներին գրանցվել է շուրջ 18 հազար մարդ։ Մեկ այլ՝ «Մարզվի՛ր բանակի հետ» ծրագրով պարապմունքներն անցկացնում են զինվորականները։ Կամավորներին սովորեցնում են կիրառել զենք, նետել ուսումնական նռնակներ և տիրապետել ռազմական այլ հմտությունների։ Որոշ քաղաքներում ցանկացողներն այնքան շատ են եղել, որ հարկ է եղել հերթագրման ցուցակներ կազմել։ Ռազմական գործի հիմունքներ դասավանդվում են նաև լեհական դպրոցներում։ Դեռահասներին սովորեցնում են առաջին օգնություն ցուցաբերել, գոյատևել ծայրահեղ պայմաններում և ճիշտ գործել զինված հակամարտության ժամանակ։ 14 տարեկանից նախատեսված է կրակային պատրաստություն։