Հայաստանի ՊՆ N զորամասում՝ Շիրակի կայազորի ՌՈ բաժնի պետ 51-ամյա  Աշոտ Համբարձումյանը, չարաշահելով իշխանությունը եւ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, ապօրինի թույլ է տվել իր որդուն նույն բաժնի ավագ սպա Ս. Համբարձումյանին չներկայանալ ծառայության, միաժամանակ ստացել է նրա աշխատավարձը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն, 51-ամյա  Աշոտ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, ծառայելով ՀՀ ՊՆ N զորամասում՝ Շիրակի կայազորի ՌՈ բաժնում որպես բաժնի պետ, չարաշահելով իշխանությունը եւ անցնելով պաշտոնեական լիազորությունների սահմանը, ապօրինի թույլ է տվել իր որդուն նույն բաժնի ավագ սպա Ս.Համբարձումյանին չներկայանալ ծառայության, զբաղվել անձնական հարցերով:

Բացի այդ որդու ծառայողական առաջխաղացման նպատակով, նա պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել: Որդու բացակայության ընթացքում Ա. Համբարձումյանը խաբեությամբ եւ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել եւ անձամբ ստացել եւ տնօրինել է որդու չաշխատած օրերի դիմաց վճարված 4.826.326 ՀՀ դրամ գումարը:

Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Նա մեղադրվում է 375-րդ հոդվածի  1-ին մասով (պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը), 314-րդ հոդվածի  1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով` պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաեւ կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը), 178  հոդվածի  3-րդ մասի  1-ին կետով (խարդախություն):

Գործը վարույթ է ընդունվել մայիսի  22 –ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: