Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի կրտսեր որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի մահը պատվիրվել է նրա սպանված եղբոր հետ միասին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը եւ ավելացրեց, որ նման հայտարարությամբ դատական նիստին անձամբ վկաներն են հանդես եկել: Այնինչ` Անդրանիկ Զատիկյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը դեռեւս թմրանյութի շրջանակներում է ընթանում:
«Կա չէ՞ փաստ, որ նախնական վարկածով թմրանյութի գերդոզավորումից մահացած Անդրանիկ Զատիկյանի մահը պատվիրված է եղել»,- նշեց Մելս Հարությունյանը: Հարցին, թե այդ դեպքում ովքեր են քիլերներին նրանց սպանությունը պատվիրել, նա պատասխանեց. «Այն մարդիկ, ովքեր սպանեցին Սեդրակ Զատիկյանին: Պատվիրել է ներկայիս մեղադրյալը Սեդրակ Հակոբյանը: Քիլերները նաեւ դատական ցուցմունքներում ասել են, իրենց խոստացված գումարները չեն փոխանցել, քանի որ Անդրանիկին Սեդրակի հետ չեն սպանել: «Անգամ քիլերները չեն կարողացել գնալ այդ քայլին եւ ընտանիքի երկու տղաներին վերացնեն»,- նշեց Մելս Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Զատիկյանը, ըստ դատաբժիշկների նշանակված փորձաքննության, մահացել է սրտի պսակաձեւ անոթներում արյան շրջանառության սուր խանգարումից` մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի ֆոնի վրա: Փորձաքննությամբ նաեւ պարզվել է, որ Ա. Զատիկյանը կենդանության օրոք տառապել է թույլ արտահայտված ընդհանուր աթերոսկլերոզով, կորոնարոսկլերոզով, սրտամկանի ծանր սնուցախանգարումով, ինչն էլ մեթադոնային եւ հաշիշային ինտոքսիկացիայի պայմաններում հանգեցրել են մահվան: Իսկ քեռին նշում է, որ թմրանյութով սպանությունները եւս տարածված են: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անդրանիկ Զատիկյանի քեռին՝ Մելս Հարությունյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ փաստաթուղթ ունեն, որով հերքվում է շրջանառվող այն վարկածը, թե Անդրանիկի մահը վրա է հասել գերդոզավորումից: Անդրանիկի քեռին հիմնավորել էր, որ մահվանից մեկ ամիս առաջ Անդրանիկը մորը տարել է Գերմանիա բուժման եւ ինքը եւս մանրամասն հետազոտության է ենթարկվել: «Իսկ հետազոտության արդյունքները ինձ մոտ են, որոնք կարող են վկայել, որ նա թմրանյութ չի օգտագործել»,- ավելացրել էր Մելս Հարությունյանը: Թեեւ այդ ժամանակ դատաբժշկական փորձաքննության արդյունքները դեռ չէին ստացվել, բայց Մելս Հարությունյանը համոզմունք էր հայտնել, որ Անդրանիկին թունավորել են: Իսկ հարցին, թե ի՞նչը կարող էր նրան մահվան հասցնել, Մելս Հարությունյանը ասել էր. «Նա իր շրջապատում թշնամիներ ուներ: Իր եղբորն սպանողների ցեղը: Նրանք իրար հետ չէին խոսում, բայց իրար մեջ միշտ վտանգ էին տեսնում: Ինչպես նրա հոր հանկարծամահությանը չեմ հավատում, այնպես էլ` Անդրանիկի: Անդրանիկ Զատիկյանը եղբոր` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ընտանիքի վերջին զավակն էր: Այդ ընտանիքից մնացին մայրը` քույրս, երկու եղբայրների կանայք եւ երեխաները»: Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Մեծարենցի 58 հասցեի մոտ հունվարի 13-ին ժամը 7:00-ի սահմաններում հայտնաբերվել է 31-ամյա Անդրանիկ Վահանի Զատիկյանի դին: Վերջինս Մալաթիայի նախկին թաղապետ, վաղամեռիկ Վահան Զատիկյանի տղան է: Անդրանիկ Զատիկյանը հաշվառված է Մեծարենցի 58 հասցեում, սակայն բնակվում էր Նոյ թաղամասում: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն` դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշենք, որ Անդրանիկ Զատիկյանի հայրն էլ` Վահան Զատիկյանը մահացել է 1999թ-ի հոկտեմբերի 7-ին: Պաշտոնական վարկածով վերջինս մահացել է սրտի կաթվածից: Իսկ Զատիկյանի ավագ որդին`Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին Երեւանի Սեբաստիայի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, որի հետեւանքով վարորդ, 31-ամյա Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է եւ հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 42-ամյա Կարինե Սարգսյանը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























