Այսօր՝ մայիսի 23-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը դուրս է եկել շենքից, նրան են մոտեցել Բուզանդի փողոցի բնակիչները, որոնք բողոքի ակցիա էին անցկացնում այնտեղ:
Նրանք վարչապետին ներկայացրել են իրենց խնդիրը, նշելով, որ պահանջում են կամ իրենց բնակարանները վերադարձնել, կամ որեւէ այլ լուծում տալ:
Տիգրան Սարգսյանը հենց ցուցարարների աչքի առջեւ զանգահարել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին եւ ասել, որ այդ խնդրին լուծում տա:
Դավիթ Սարգսյանի հետ զրուցելուց հետո, վարչապետը Բուզանդի փողոցի բնակիչներին տեղեկացրել է, որ վաղը ժամը 9:30-ին, բնակիչներին կընդունի ֆինանսների նախարարը եւ կփորձեն խնդրին լուծում տալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՀՀԿ գրասենյակի առջեւ, այսօր` մայիսի 23-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ընթացքում, կրկին հավաքվել էին Բուզանդի փողոցի բնակիչները: Նրանք պահանջում են իրենց բնակարանները կամ վերջնական պատասխան, որ կառավարությունը չի կարող խնդրին լուծում տալ, որ այլ երկրներից ապաստան խնդրեն:
Բնակիչները նաեւ դժգոհում էին, որ իրենց բնակարաններից վտարել են եւ այնտեղ կառուցված Հյուսիսային պողոտայի շենքերի բնակարաններն աստղերին նվերներ են անում, այնինչ` իրենք տուն չունեն:




























