Որ շատ չինովնիկների վարքն ու կենսակերպը սեւացնում են ողջ իշխանական համակարգը, տեղյակ են իշխանության ներսում։ Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Սակայն վատն այն է, որ նման կադրերը շարունակում են պաշտոնավարել՝ հարազատ մնալով իրենց «ոճին»։ Իզուր չէ, որ Հայաստանի քաղաքացին դժգոհ է իրավական ոլորտից, արդարադատությունից եւ դատական գործընթացներից։ Օրերս Գյումրիի մեր աղբյուրի փոխանցած տեղեկությունը եւս մեկ անգամ փաստեց այս մերժելի երեւույթի կենսունակությունը։
Գյումրիի նորանշանակ դատախազի մասին, որին Վանաձորից են «տեղափոխել», տեղացիները շատ խիստ են արտահայտվում։ «Կիրովականցիների լույսը վառվեց, լեննականցիներինը՝ մարեց», - հանգիստ «շունչ» քաշելով՝ ասում են վանաձորցիները։
Բանն այնտեղ է հասել, որ դատախազի մեքենայի կողքին պիտի այլ մեքենա չկանգնի։ Ինչպես փոխանցում են Գյումրիի մեր աղբյուրները, նույնիսկ միջադեպ է գրանցվել, երբ մի տաքսու վարորդի են հանիրավի տուգանել ու տարել ոստիկանական հրապարակ միայն այն բանի համար, որ վերջինս համարձակվել է առաջ անցնել դատախազի մեքենայից։ Ցինիզմն այն աստիճանի է հասել, որ, ինչպես պատմում են ավտոլվացման սրահի աշխատողները, դատախազը, մեքենան լվանալ տալուց առաջ, հարցնում է գումարի չափը ու երբ ստանում է «1500 դրամ» պատասխանը, սպառնում. «1000 դրամ, ու չես երկարացնում։ Ես եմ ասում՝ ինչքանով ես լվանալու, արա՛»»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























