Մայիսի 23-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը եւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը մեծ հանդիսավորությամբ նշել են Եվրոպայի օրը։

Համերգին ներկա են եղել Գարեգին Բ Կաթողիկոսը, ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, բարձրաստիճան հյուրեր։ Ներկաներին ողջունել եւ Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորել են Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգով իրենք հանդիսատեսին են փոխանցում Եվրամիության անդամ երկրների ստեղծագործությունները, որոնք դեռեւս Հայաստանում չեն հնչել։ Նա նաեւ նկատել է, որ մարդկանց, պետություններին համախմբում է արվեստը։ Սերգեյ Սմբատյանը հատկանշական համարեց, որ Եվրոպայի օրվան նվիրված համերգին մասնակցում է ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը։

«Շատ ուրախ եմ, որ այս ամենը միավորում է արվեստը եւ ոչ թե քաղաքականությունը, ինչի մասին միշտ խոսում են։ Մանկական նվագախմբի երեխաները նոր են սկսում իրենց մասնագիտական ուղին, եւ նրանք ունեն բարձր պրոֆեսիոնալիզմ ու կատարողական վարպետություն, ինչը մեր կրթական համակարգի արդյունքն է»,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ համերգի առաջին ստեղծագործությունը պրեմիերա է. այն խորվաթ կոմպոզիտորի կողմից գրվել է հատուկ այս համերգի համար։

ՅՈՒՆԻՍԵՖ մանկական նվագախումբը երեկոյի ընթացքում հանդիսատեսին է ներկայացրել Եվրոպական միության անդամ պետությունների ավանդական երաժշտության գեղեցիկ կատարումները։ Հնչել են նաեւ հայ կոմպոզիտորների (Էդվարդ Միրզոյան, Արամ Խաչատրյան) ստեղծագործություններ։

Նշենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական կամերային նվագախումբը հիմնվել է Սերգեյ Սմբատյանի կողմից 2009 թվականին։ Նվագախումբը բազմաթիվ ելույթներով հանդես է եկել Հայաստանում եւ Եվրոպայում: