Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է բոլորին մասնակցելու Եվրոպայի օրվա հանրային բացօթյա տոնակատարությանը մայիսի 25-ին՝ Հյուսիսային պողոտայում:
Հայաստանում Եվրոպայի օրվա ամենամյա տոնակատարությունները ներառում են մի քանի օր տեւող տեղեկատվական իրադարձություններ, որոնց ընթացքում ներկայացվում է ԵՄ-Հայաստան համագործակցությունը եւ եվրոպական մշակույթի բազմազանությունը:
Այս տարի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվեն նաեւ Գյումրիում՝ մայիսի 26-ին:
Երեւանում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդեսի պաշտոնական բացումը տեղի կունենա մայիսի 25-ին, ժամը 16:00-ին, Հյուսիսային պողոտայի Պուշկին-Տերյան փողոցների միջեւ ընկած հատվածում: Ներկայացվող տեղեկատվական ցուցահանդեսին այցելուները կծանոթանան ԵՄ օժանդակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի եւ նախագծերի, որոնք գործում են տարբեր ոլորտներում՝ կրթություն, աղքատության նվազեցում, առեւտուր, երիտասարդական ծրագրեր, մշակույթ, բնապահպանություն եւ ալն:
«Եվրոպայի օրը կարեւոր իրադարձություն է Եվրամիության երկրների համար: Այն նշանավորում է եվրաինտեգրման գործընթացի սկզբնավորումը համընդհանուր նպատակների եւ սկզբունքների հիման վրա՝ ապահովելու խաղաղությունը եւ կայունությունը Եվրոպայում: Եվրոպայի օրը տոնում ենք նաեւ Հայաստանում եւ լիահույս ենք, որ տոնակատարության բոլոր մասնակիցները նոր տեղեկություններ եւ գիտելիք կստանան Եվրամիության եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին», - նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան:
Տեղեկատվական ցուցահանդեսի ընթացքում անցկացվող մշակութային միջոցառումների շրջանակում կներկայացվեն Հունաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Գերմանիան, Ռումինիան Միացյալ Թագավորությունը եւ Իտալիան: Կանցկացվեն ձեռքի աշխատանքեր, վարպետության դասեր, որոնք կուղեկցվեն երաժշտական եւ պարային համարներով: Տեղեկատվական ցուցահանդեսի մեկնարկից առաջ, նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան կլոր սեղան-քննարկմանը հանդիպել ԵՄ պետությունների դեսպանների հետ եւ զրուցել տարբեր թեմաների շուրջ:
Տեղեկատվական ցուցահանդեսին կներկայանա նաեւ Եվրոպական միության կենտրոնը՝ «Եվրամիության ավտոբուս»-ով, որը մեկնարկելու է շրջայցը Հայաստանի տարբեր համայնքներում:
Եվրոպայի օրվա տոնակատարությունը Երեւանում կամփոփվի համերգային ծրագրով: Ելույթ կունենան երաժիշտեր ինչպես Հայաստանից, այնպես էլ հյուրեր արտասահմանից՝ 2 Գերմանիայից եւ Ռումինիայից: ԵՄ պատվիրակության դեսպանը կհայտարարի նաեւ «Բարեփոխումների իմ ալբոմը» երիտասարդական մրցույթի հաղթողին, ով կստանա մրցանակը՝ դեպի Եվրոպա ուղեւորության տոմսը:
Եվրոպայի օրվան նվիրված հանրային միջոցառումներից է նաեւ «Լույս գիշեր» ներկայացումը, որը տեղի կունենա մայիսի 24-ին, ժամը 20:00-ին Հյուսիսային պողոտայում: «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում վեց արվեստագետներ կտավի վրա կպատկերեն Եվրոպական արժեքների մասին իրենց ընկալումները: Եվրոպայի օրվա միջոցառումների շրջանակում կազմակերպված վարպետության դասի արդյունքում ստեղծված անիմացիան առաջին անգամ կցուցադրվի «Լույս գիշեր» ներկայացման ընթացքում: Մայիսի 23-25 կանցկացվեն նաեւ Եվրոպական գրական հանդիպումներ ԵՄ կենտրոնում եւ Մետրոյի տարբեր կայարաններում:
Հանրային միջոցառումների մուտքն ազատ է:



























