Գազի թանկացումը Ռուսաստանի կողմից կիրառված «պատժամիջոց» պետք չէ համարել: Այսօր՝ մայիսի 24-ին լրագրողներին իր տեսակետն է հայտնել «Նորավանք» հետազոտությունների կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով հուլիսի մեկից գազի սակագնի սպասվող թանկացումը:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ նույնիսկ հազար խմ-ի դիմաց 180-ի փոխարեն 270 դոլարը, որը Ռուսաստանն առաջարկում է Հայաստանին, 120-130 դոլարով էժան է եվրոպական շուկայական գնից:
«Իրավիճակը բազմաթիվ հակառուսական հայտարարությունների պատճառ դարձավ՝ գազը բարձրացրել են «Միլերի լանչի համար»: Ի՞նչ «լանչ» եւ երբ, բնականաբար, ոչ ոք չի ասում: Միանշանակ, մենք շարունակում ենք գազը ստանալ շուկայականից ցածր գնով: Հետեւաբար, նման հայտարարություններում սուբյեկտիվ մոտեցում կա», - հավելել է Հարությունյանը:




























