Թուրքիայից էժան լոլիկ է ներկրվում, որը մաքսային փաստաթղթերով չի ձեւակերպվում: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ Ազգային Ժողովում կարկտահարության վնասներին նվիրված լսումների ժամանակ հայտարարեց հանրապետական պատգամավոր Մուրադ Մուրադյանը (ծնունդով Արմավիրի մարզից):

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ հանրապետություն Թուրքիայից լոլիկ չի մտնում, թեեւ ձմռան ամիսներին որոշ բանջարաբոստանային կուլտուրաներ ներկրելու պահանջ առաջանում է: Ս. Կարապետյանն ասաց, որ պետք է զարգացնել ջերմոցային տնտեսությունները, այնպես , որ յուրաքանչյուր գյուղացիական տնտեսությունում գոնե 240 քառ. մետր ջերմոցային տնտեսություն լինի: Այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել որոշ կուլտուրաների սեզոնային դեֆիցիտից:

Սակայն Մ. Մուրադյանը պնդեց, որ Թուրքիայից լոլիկ է ներկրվում, եւ առաջարկեց գյուղնախարարությանը հետաքննել հարցը: «Դուք պատգամավոր եք, դուք էլ պարզեք»,- նյարդայնացավ գյուղնախարարը: