Մայիսի առաջին կեսին, եղանակային վատ պայմանների հետեւանքով, հանրապետության մի շարք շրջաններում տեղի են ունեցել ցրտահարություններ եւ կարկտահարություն, ինչը կարող է բացասական ազդեցություն թողնել գյուղատնտեսության ճյուղի հետագա զարգացումների վրա: Մայիսի 14-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ գազի սակագների փոփոխության հայցով:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի հաղորդագրության՝ այս երեւույթներն իրենց ազդեցությունը կունենան մակրոտնտեսական միջավայրի եւ գնաճային զարգացումների վրա, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջացել ճշգրտել դրամավարկային քաղաքականության առաջիկա ծրագրի հիմքում դրված կանխատեսումներն ու դրամավարկային քաղաքականության ուղղությունները՝ այդ երեւույթների հնարավոր հետեւանքների եւ ազդեցությունների գնահատումներով:
Հաշվի առնելով նշված հանգամանքը, «Գնաճի հաշվետվություն (2013 թ. երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագիր, 2013 թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվություն)» պարբերականի հրապարակման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչեւ հունիսի առաջին տասնօրյակ:




























