Այսօր Հայաստանի ԱԻ նախարարություն էին այցելել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչները։ Այցի հիմնական նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ համագործակցության ուղղությունները։

ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանի հետ հանդիպման ընթացքում բանկի ներկայացուցիչը նշել է, որ իրենք շատ են կարեւորում աղետներին պատրաստվածության խնդիրները` մասնավորապես մեծ ուշադրություն դարձնելով սեյսմիկ անվտանգության հետ կապված հարցերին։

Փոխնախարար Հ. Մխիթարյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ դեռեւս անցյալ տարի կայացած հանդիպումից հետո ԱԻՆ ՍՊԾ գործակալությունը 2 ծրագիր էր մշակել. մեկը դպրոցներում երկրաշարժի դեպքում վարքականոնների վերաբերյալ ուսուցում անցկացնելու, մյուսը` Երեւանի հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելությունը գնահատելու մասին:

ՍՊԾ գործակալության պետ Հ. Պետրոսյանը հավելել է, որ ծրագրերը փորձաքննություն են անցել եւ հաստատվել կառավարության կողմից։

Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը, ընդգծելով, որ իրենք մեծ նշանակություն են տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառին եւ տեղեկացնելով, որ բանկն արդեն տեխնիկական աջակցության ծրագիր է իրականացնում ՀՀ 4 քաղաքում (Գյումրի, Վանաձոր, Դիլիջան, Ջերմուկ), առաջարկել է այդ ծրագրերի իրականացումը սկսել հենց այդ քաղաքներից, իսկ հաջողության դեպքում հետագայում տարածել նաեւ մյուս մարզերի վրա։ Ըստ այդմ` նախատեսվում է նշված քաղաքներում իրականացնել դպրոցների, հիվանդանոցների եւ պետական կառավարման մարմինների շենքերի սեյսմիկ խոցելիության գնահատում։

Պարոն Դոուլն առաջարկել է նման պիլոտային ծրագիր իրականացնել նաեւ մայրաքաղաքի դպրոցներից մեկում, որից հետո անհրաժեշտության դեպքում իրականացնել շենքի ամրացում եւ կազմակերպել աշակերտների ու անձնակազմի ուսուցում։ Արդյունքների վրա հիմնվելով` հնարավոր կլինի մշակել ավելի լայնածավալ նախագիծ։ Այս առաջարկները ներկայացվել են ԱԶԲ ղեկավարությանը եւ ստացել նախնական համաձայնություն։

ԱԻ փոխնախարար Հ. Մխիթարյանը հավաստել է, որ ԱԻ նախարարությունը պատրաստ է համագործակցության եւ հնարավորինս կաջակցի ծրագրերի արդյունավետ իրականացմանը։