Բրիտանական արքայազն Չարլզը Հայաստան կատարած մանսավոր այցի շրջանակներում մայիսի 28-ի երեկոյան այցելել է Մատենադարան:

Մատենադարանի մոտ նրան էին սպասում բնապահպան ակտիվիստները, որոնք պաստառներ էին պահել «Բրիտանական հանքարդյունաբերությունը կսպանի մեզ» «Կանգ առեք», «Բնապահպան Չարլզ, միացեք Հայաստանի բնապահպաններին» եւ այլ գրառումներով: Ակտիվիստները պահանջում են դադարեցնել Ամուլսարի հանքավայրում արդյունահանումը, որը իրականացվելու է Չարլզին Հայաստան հրավիրած նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի ընկերության կողմից:

Արքայազնը Մատենադարան է մտել ոչ գլխավոր մուտքից` խուսափելով բնապահպանների եւ լրագրողների հետ հանդիպումից:

Նշենք, որ Չարլզը Հայաստան է ժամանել որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր, որի գործունեությունն ուղղված է Երեւանի հուշարձանների եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերածնմանը` հաշմանդամ երեխաների, երիտասարդության եւ անապահով ընտանիքների կյանքը բարելավելու նպատակով: Արքայազն Չարլզը եւ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանը հիմնադրամի շրջանակում բարեգործական ծրագիր են իրականացնում:

Նշենք, որ «Մատենադարան» հին հայկական ձեռագրերի թանգարան-ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է  համաշխարհային մշակութային արժեք, եւ որտեղ պահվում են հնագույն ձեռագրեր հայերենով, ռուսերենով, արաբերենով, ճապոներենով եւ պարսկերենով: